ԾԱՆՐ ՄԱՐԴԸ




Դուռը բացվեց ու վերջապես նա մտավ ներս, որտեղ ոչ ոք չէր սպասում իրեն: 
Բարձրացավ կշեռքին, հետո էլի իջավ, մի քանի անգամ ոտքի ծայրով թփթփացրեց կշեռքի մակերեսը, ուղղեց սլաքը որն ընդամենը աննշան շեղվել էր զրոյից ու վերստին որոշեց կանգնել կշեռքի վրա: Ուշքը սլաքին, բարձրացավ ու երկու ոտնաթաթերը հնարավորինս թեթև դրեց կշեռքի մակերեսին և ուշադիր զննեց սլաքի տակ թաքնված թիվը: Իր ծանրության մասին լուրը տարածվել էր քաղաքի բոլոր թերթերում, գովազդային վահանակներին իր պատկերն էր՝ «Ծանր Մարդ» անհասկանալի վերնագրով, հեռուստատեսությամբ՝ հումորային կամ այլ հաղորդումներում կապկում էին իրեն, քայլում ու ծիծաղում էին իր նման, անգամ մրցանակներ էին բաժանում բոլոր նրանց, ովքեր ամենալավը կնմանակեն իրեն...Իսկ ինք այդ ամենից ոչինչ չէր հասկանում...Շարունակում էր սահմանափակել իր ուտելիքի չափը, ճաշամանում լցնում էր շատ ավելի քիչ, քան ցանկանում էր ուտել, գնումներ անելիս իր շատ սիրած քաղցրավենիքը չէր գնում, պիստակ ու նուշ չէր ուտում, ու ամբողջ օրը գոհանում էր սովորական կանաչեղեն ուտելով, մի բան, որն արդեն լաց լինելու չափ հոգնեցրել էր իրեն:
Առավոտները սիրում էր քայլել և երբեմն մարզական կոշիկներով քայլում էր ավելի արագ քան շունչը կբավարարեր, սակայն ոչ մի կերպ չէր թեթևանում: Հարազատներին այցելելիս նա զգում էր, որ ամենաքիչը ի՛ր ամանի մեջ են լցնում...Նայում էր ճաշասեղանին շարված ախորժաբեր ուտեստներին, սեղանի շուրջ նստած իր սիրելիների լիքը ամաններին ու զարմանքն ու հուզմունքը իրար խառնած դանդաղ ծամում էր իրեն բաժին հասած փոքրիկ պատառներն ու հեռանում սեղանից:

Նա հաճախ էր նկատում ուրիշների թերությունները ու զարմանում էր, որ իր ծանր լինելու մասին ավելի շատ էին ակնարկում, քան ասենք հարևանուհու ճմրթված մաշկի, սրճավաճառի ծուռ բերանի, աշխատավայրի տնօրենի ճաղատ գլխի կամ ծխելուց դեղնած ատամների մասին...

Զգում ու հասկանում էր, որ իր ներկայությունից ծանրանում են նաև օդը, մարդկանց դիմագծերը, ջուրը, երկինքը, մթնոլորտը...Եվ ինքն էլ այդ ծանրությունից ավելի ծանրացած շտապում էր տուն, որտեղ ոչ ոք չէր սպասում իրեն, ու որտեղ ինք թեթևանում էր, թեթևանում ու սիրում ինքն իրեն, մինչև հաջորդ տաղտկալի օրն ու հանդիպումները մարդկանց հետ:

Մի առավոտ նա ամեն օրվա պես դուրս եկավ տանից ու որոշեց թափել իր վրայից ավելորդ ամեն ինչ...Առաջինը հանեց ծանր կոշիկները, բոբիկ ոտքերով շարունակեց քայլել, ինչ որ թեթևություն զգաց, ու շարունակեց դատարկվել...Գրպաններից հանեց ու դեն նետեց իր բանալիները, թղթերը, սիգարետը, ծամոնի տուփը, հետո դեն շպրտեց փողկապը, հետո ակնոցները, հետո ձերբազատվեց մարմնից, թևրերից, ուսերից, փորից, ականջներից, քթից, աչքերից ու ...Վերջապես փողոցներում սկսեց քայլել միայն սրտո՛վ...Երբ հանկարծ ետևից մի  անծանոթ ձայն կանչեց իրեն ու քիչ առաջ իր թափած բոլոր իրերը, կոշիկները, փողկապը, թևերը, ականջները, քիթը, աչքերն ու ժպիտը մայթերից հավաքած, մոտեցավ սրտին, սրտի շուրջ հավաքեց ու կազմեց քիչ առաջվա ծանր մարդու մարմինը ու ...ամբողջ սրտով սիրե՛ց իրեն:

Հաջորդ օրը, «ծանր մարդը» այլևս չբարձրացավ կշեռքին:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...