Posts

Showing posts from November 19, 2011

Poetry/ Բանաստեղծություն

Ես չիմացա Ես չիմացա, Թե ինչպես երգս վերածվեց դողի, Սուր մրսածության նման կարոտի, Թափուր աթոռի՝ որտեղ չնստեց երբեք անունս, Սեղանի՝ որի չորս ոտերի տակ Ծալապատկեցի հաջողությունս և գրչի՝ որի կապույտ թանաքը երկինք չդարձավ: Ես չիմացա, Թե ինչպես դարձա Ուշացած ստվերն իմ երազների Ու չհասկացա` որտեղ էր սիրտս... Մարմնիս ո՞ր դատարկ անկյունն էր լցնում, Ինչո՞վ էր կծկում երջանկությունս... Ես չիմացա, Թե ինչպես ընկա արանքում իմ՝ ու իմ զուգահեռի, Ինչպե՞ս կորցրեցի խիղճը տարիքիս և ինչպե՛ս ներկա իրարանցումում բացակայությունն իմ ամրագրեցի... Ես չիմացա, Թե ո՜ր թռիչքի տոմսը կորցրեցի, Թե ո՞ւր չհասա, Որտե՛ղ մնացի... ...Ու հիմա չկա պատասխան հարցիս... Առջևոմ՝ ես եմ, Ետևում ինքը՝ իմ նմանակը, Որին ես վաղո՜ւց արդեն անցել եմ... Երևան - Նոյեմբեր 2011թ.