Posts

Showing posts from October 11, 2013

Պատմվածք

Լուսնից մի պատառ կամ կաթնավաճառը Նիհարակազմ, միջահասակ, գանգրահեր պատանին բարձրացավ պատշգամբում դրված աթոռակի վրա ու կանգնեց այնպես ինքնավստահ, կարծես մի կարևոր ու մեծ մրցանակ շահած լիներ: Նայեց երկնքին: Մարմնի հավասարակշռությունը պահպանող ոչինչ չկար, սակայն այնպես ձիգ և ուղիղ էր կանգնել, կարծես փորձառու լեռնագնաց լիներ: Սև էր ոչ միայն երկինքը, այլև երկիրը, փողոցները, երթևեկությունն ու շենքերը: Լույսեր չէին վառվում, արթուններ չկային, ու սևն այնպես էր պարուրել սպիտակ, նեոնային լիալուսինն իր մեջ, որ անհասկանալի էր՝ լույսի՞ սահմաններն էին սև, թե համատարած սևի սահմաններն էին վերջանում լույսով: Կանգնած նայում էր լիալուսնին, որի շրջագիծը կատարյալ ողորկ էր և ասես կարկինով նկարված լիներ, երբ հանկարծ լիալուսինն սկսեց շարժվել: Այո՛...Շարժվեց ու սկսեց դանդաղ իջնել դեպի պատշգամբը, որտեղ միջահասակ, գանգրահեր պատանին, զարմանքից ու վախից քարացած, զարհուրելի այդ տեսարանին ականատես՝ անօգնական ու անշարժ կանգնած մնաց իր տեղում... Ճերմակ, կլոր լուսինն ինչքան մոտենում, այնքան մեծանում էր...Հե