Երբ ես պոետ էի...


Երբ ես պոետ էի, Դեմիրճյան փողոցում վարձած իմ մեկսենյականոց կիսախավար բնակարանը՝ հազար լուսամուտերով պատեր քանդած մի հսկա տան չափ լույս էր գրկում իր մեջ...
Գիշերը նման էր Բախի երկու ջութակի համար գրված կոնցերտին...Ծխախոտերի կույտը թիթեղյա բարակ մոխրամանիս մեջ՝ հաջորդը վառելու ուրախությամբ էր լցնում հոգիս ու օղու շշի տակ մնացած երկու բաժակաչափ թափանցիկ հեղուկը փոխարինում էր Նրան, ով ոչ գալու էր, ոչ էլ չէր գալու...
Երբ ես պոետ էի, փողոցից լսվող ամեն ձայնը իմն էր...Ես հենց փողոցն էի, որի միջով անցնում են մարդիկ, ովքեր գիտեն «պոետների փողոց»ի տեղը և ովքեր քայլելիս, կոնֆետի ճմրթված թուղթը չեն շպրտում դեմքիս...
Երբ ես պոետ էի, հայ լինելս նման էր մարդ ծնելու երկունքին, իսկ մարդ լինելս՝ հայ լինելու ճակատագրին:
երբ ես պոետ էի, կես գիշերն անց, անպայման ինչ- որ մեկը այցելում էր ինձ, կողքիս նստած՝ դիտելու իմ չսանրած մազերի մեջ խրած մատները...Ու այդ ինչ- որ մեկը, մոր նման մի տղամարդ էր լինում, ով թեպետ շատ էր սիրում ինձ, սակայն չէր անհանգստացնում հանգստությունս ու սպասում էր մինչև վերջին տողիս վերջին բազմակետից հետո հայացքս ուղղեմ իձանից դուրս...
Երբ ես պոետ էի, տանս դուռը բաց էի թողնում, թքած ունենալով, թե ով ինչ կտանի տանից՝ թքած ունենալով, թե ի՛նձ ով կտանի...
Երբ ես պոետ էի՝ տարիքս առած երիտասարդ պոետ, առավոտները արթնանում էի գիշերներիս կարոտը հայացքիս մեջ...
Արդեն քանի տարի է պոետ չեմ...Բիզնեսով եմ զբաղվում, որպեսզի Պոետիս համար գիշերներ գնեմ՝ նման իմ այն գիշերներին...
2015 - Երևան

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...