ՔՐՔՐՎԱԾ ՎԵՐՄԱԿ

Աստծո մասին ինձ պատմեցին, երբ դեռ մի քանի տարեկան էի: նա դանդաղ սկսեց ուրվագծվել իմ մեջ, հետո ստացավ մարմին, դեմք, ձեռքեր, հայացք ու ճակատ... Ճակատ, որը երբեք չէր քրտնում ինչպես իմը... Ճակատ, որն իր ետևում էր պահում սպիտակ ու մաքրամաքուր մի իմաստություն: Ես նրան միանգամից սիրեցի, հավատալով ոչ թե նրան, այլ նրա մասին ինձ պատմողներին, ովքեր բարի ու գթասիրտ էին այնքան և ովքեր իմ մերկությունն էին ծածկում գիշերները, երբ ես քնի մեջ իմ մահճակալից ավելի լայն տարածություններ էի ման գալիս:

Գիշերները Աստված այդ վերմակն էր դառնում ինձ համար և այդ վերմակ-Աստծո տակ ես ինձ այնքան ապահով էի զգում, այնքան ջերմ ու փափուկ էր իր ծանրությունն ինձ վրա, որ երբ բացվում էր լույսը, հավերժ այդ վերմակի տակ մնալու ցանկությամբ էի լցվում:

Մի քանի տարի անց, երբ ինձ արդեն սկսեցին «մեծ» անվանել, լուրերի ցուցադրված կադրերում ես տեսա տասնյակ հազարավոր երեխաների, ովքեր ձմռան ցրտին անօթևան, անհաց ու անջուր, իրենց արյան գույնը հողին տված, թանաքի պես կապույտ, իրենց բան չտեսած ու շատ բան տեսած աչքերն էին ընդմիշտ փակել: Նրանց կապույտ ու սառած մարմինները սարսափ-ֆիլմի անցողիկ պատկերներ չէին... Նրանք, էկրաններից այն կողմ ապրող այն երեխաներն էին, որոնց կյանքն ավարտվել էր կապույտի մեջ...Կապույտ ավարտ, որի մուգ` մոխրագույնի խփող գույնից ձեռքերդ փշրվում են, կոկորդդ ծառի կտրված կոճղի նման մարմնիցդ ճիչ է բաց թողնում և գլուխդ բռնելու ունակ ձեռքերդ կորցրած, ինքդ քո տորսն ես քարշ տալիս պտտվող երկրագնդի վրա արյան գույնը որոնելով ու չես գտնում... Չես գտնում, որովհետև արյունն արագ է վազում... Վազում է ինչպես եռացող միտքը... Վազում է մայր դառնալու պատրաստ այն անմեղ պարմանուհիների ետևից, որոնց վաճառքի գինն է որոշվում սահմանների վրա, որոնց համար թանկ, նույնիսկ շատ թանկ են վճարում իրենց նեղլիկ ճակատների տակ դատարկություն կրողները՝ սողացող բորենիները, ովքեր պարմանուհների մաքուր ու դալուկ շուրթերն են քամում, սեղմում են իրենց զույգ բութ մատներով նրանց շփոթված ու խոշոր աչքերը, որ կուրանան ծիծեռնակները և որպեսզի օրորոցներում մանուկների փոխարեն գայլեր ճոճվեն, որ սփրթնի հողը, ճաք տա հոգին և աշխարհի արքաների գահին բազմի գանգը մարդու՝ երկխոռոչ իր աչքերով ամենուրեք սփռելով մահ...

Իսկ արյունը դեռ վազում է ու չի հասնում...Դեռ վազում է ու չի հասնում փշալարից այս ու այն կողմ ընկած հերոս այն հայրերին, ովքեր գիշերները վերմակներով ժպիտ գրկած երեխաներ պիտի ծածկեին դեռ... Երեխաներ, որոնք այդպես էլ չտաքացան... որոնք այդպես էլ չհասկացան, թե ինչ եղավ, ինչ կատարվեց... Երեխաներ, որ հայրացան ու մայրացան առանց հայրեր:
իսկ արյունը դեռ վազում է ու չի հասնում... Չի հասնում տեղ, որ տարածվի մեր աշխարհի այսքան խոցված, այսքան խեղված, այսքան մեռած մարմնի մեջ...
...Ու վերմակս, քրքրված է հիմա արդեն... Ի՜մ Վերմակը, որի նման միլիոնավոր վերմակներ են հաստատ կարվել ժամանակին, այսօր արդեն կարկատանված, հազար կողմից պատառոտված, ասես բզիկ-բզիկ արված Աստծո խուրձ է՝ որը հիմա թելիկ-թելիկ փորձում եմ փռել արյան կարմիր գույնի վրա, որ ո՛ղջ մնա մանկությունը, որ ողջ մնա մարդուց ծնված Մարդն իրական՝ որի գինը թանկ է նույնքան, ինչքան գինը այն մեծ ստի, որը ես եմ, դու ես, նա է, մեկ էլ նրանք, ովքեր չկան...

...Իսկ արյունը դեռ վազում ու... տեղ չի հասնում...
...Տեղ չի հասնում՝ Աստծո ճերմակ ճակատի վրա դրոշմելով կարմիր հետքը ժամանակի:


Նուշիկ Միքայելյան
Երևան- 2015 թ. Հունվար

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...