«ԹԻՔ-ԹԱՔԸ»




«Ժամանակը փո՜ղ է» գոռաց ամերիկացի զբոսաշրջիկը իմաստունի հեգնանքով, ու երկրորդ անգամ ուսերը թափ տալով հեռացավ քաղաքի կենտրոնում տեղադրված հսկա ժամացույցի սև, մետաղյա թվերն սպիտակ ներկով ներկող կարճահասակ տղամարդուց, ով այդ քաղաքի բնակիչներին հայտնի էր «Թիք- թաք» մականունով: «Թիք- թաք» ին ոչ ոք իրավունք չուներ բան սովորեցնել...Նա գիտեր ամեն բան...Գիտեր աշխարհի հնագույն պատմությունը, գիտեր թե երբ և որտեղ  են թաղված հին աշխարհի անհետացած բոլոր կենդանիները, գիտեր բադերի ստամոքսի չափը, մարդկանց ուղեղից՝ դեպի սիրտ գնացող մտքերի արագությունը, գիտեր թագավորների մենության մասին և գիտեր, որ երբեք չի գալու վերջը:

Նա ծնված օրվանից չեր քնել...Անիմաստ էր համարում մթությունն օգտագործել քնելու համար և նախընտրում էր արթուն մնալ, հավասարեցնելով գիշերն ու ցերեկը, առավոտն ու երեկոն... 

Թիք-թաքին մի օր մոտեցավ մի աղջնակ ու գլխահակ, հազիվ լսվող ձայնով, շշնջաց՝ 
 - Ինձ ժամանակ է հարկավոր ...
 -Անիմաստ է: Չես համոզի: Ժամանակ չկա- խիստ պատասխանեց Թիք- թաքը:
-Բայց ես առանց ժամանակի՝ շուտով կմեռնեմ:
-Դու կմեռնես եթե քեզ ետ վերադարձնեմ քո ժամանակը:
-Երբ ժամանակը կար, ես սպասո՜ւմ էի...Սպասումն ինձ օգնում էր ապրել...Իսկ հիմա, դադարել եմ սպասել...ու ...
-Ու ի՛նչ...
-Ու...մեռնում եմ...
-Դու պարզապես գնա ու ապրիր...Վերջ չկա՛...Վերջը  դա դու ես, ես եմ...Ու մնացած բոլորը, ովքեր ժամանակ են պահանջում ապրելու համար:
-Իսկ դու...Դու ինչպե՞ս ես ապրում:
-Ես ճերմակով եմ ծածկում բոլոր բոլոր ժամացույցների բոլոր բոլոր թվերն ու երբ վերացնում եմ մարդկանց հորինած վերջը, աչքերիս առաջ բացվում է ճշմարտությունը...
-Չե՞ս ասի, թե որն է ճշմարտությունը...
-Չէ՞ որ դու մեռնում ես...Քեզ ինչո՞ւ է պետք իմանալ, թե որն է ճշմարտությունը:
-Գուցե իմանամ ու դադարե՞մ մեռնել...

Կարճահասակ, ճերմակ ներկով լի դույլը ձեռքին մարդը  նայեց աջ ու ձախ, տեսավ միլիոնավոր մարդկանց, ովքեր բոլորն իրենց ժամացույցներին նայելով շտապում էին ինչ որ տեղ հասնել, ժպտաց ու աղջնակի ձեռքից բռնած նրան տարավ դեպի քաղաքի կենտրոնում տեղադրված հսկա ժամացույցը ու խնդրեց բարձրանալ իր հետ: Նրանք բարձրացան , բարձրացան, բարձրացան ու...

-Ի՞նչ է...Դեռ չհասա՞նք ...Այսքան բա՞րձր է տեղդրված ժամացույցը...-հարցրեց աղջնակը:
-Մենք արդեն վաղու՜ց հասել ու անցել ենք...Դու պարզապես չես նկատել ժամանակը...Ես դա ոչնչացրել էի ա՛յ այս ներկով:
-Բայց այսպես ո՞ւր...Ո՞ւր ենք գնում...-Վախեցավ աղջնակը:
-Գնում ենք այնտեղ, որտեղ դու ինձ խնդրեցիր տանել...
-Ես չեմ խնդրել որ դու ինձ տանես...Ես խնդրեցի ինձ ասել, թե որն է ճշմարտությունը:
-Մենք դրա կողքով անցանք...Դու պարզապես չտեսար այն...
-Այնտեղ ոչինչ կար...

Կարճահասակ մարդը նայեց աղջնակին, ժպտաց, հետո ձեռքի դույլի մեջ թաթախեց իր խոշոր վրձինը ու սկսեց ճերմակով ներկել ինքն իրեն:
Աղջնակը զարմացած նայում էր անհետացող մարդուն...-Ի՞նչ եք անում...Այդ ո՞ւր...
Կարճահասակ մարդը շարունակեց ներկով փակել իր մարմինը ու երբ վրձին բռնած ձեռքը թաթախեց ներկի մեջ, ամբողջովին վերացավ:

Աղջնակը մնաց մենակ անհասկանալի ամայության մեջ ու մի դող անցավ մարմնով...Հեռվում, քաղաքի խճողված փողոցների շտապող մարդիկ փոշու հատիկների նման անծայրածիր ճերմակի մեջ քամու պես այս ու այն կողմ էին գնում, երբ լսվեց իրեն ծանոթ կարճահասակ մարդու ձայնը միայն:

-Հը՞...Տեսա՞ր ճշմարտությունը: Եթե տեսար, վերցրու քո սեփական ներկի դույլը ու նկարիր այն, ինչ տեսար: Ճշմարտությունը հենց այն է, ինչ դու կնկարես:

Աղջնակը խորը շնչեց, մեկ անգամ ևս վերևից նայեց փոշով ծածկված քաղաքին, հետո գետնին դրված ներկով լի դույլը վերցրեց ու շուռ տալով դույլը, թափեց այն  քաղաքի վրա: 

Ճերմակը տարածվեց ու լցվեց ամենուր: Աղջնակը` դույլի տակ մնացած ներկով պատեց ինքն իրեն ևս, ու անսահման ոչնչի մեջ լսվեց աղջնակի ձայնը:

-Տեսա :

Անծայրածիր ճերմակի մեջ, սկսեց ուրվագծվել առաջին սիրո պատմությունը:

Comments

Popular posts from this blog

Reviews/ Գրախոսություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Article / Հոդված