Պատմվածք

Լուսնից մի պատառ կամ կաթնավաճառը

Նիհարակազմ, միջահասակ, գանգրահեր պատանին բարձրացավ պատշգամբում դրված աթոռակի վրա ու կանգնեց այնպես ինքնավստահ, կարծես մի կարևոր ու մեծ մրցանակ շահած լիներ:
Նայեց երկնքին: Մարմնի հավասարակշռությունը պահպանող ոչինչ չկար, սակայն այնպես ձիգ և ուղիղ էր կանգնել, կարծես փորձառու լեռնագնաց լիներ:
Սև էր ոչ միայն երկինքը, այլև երկիրը, փողոցները, երթևեկությունն ու շենքերը: Լույսեր չէին վառվում, արթուններ չկային, ու սևն այնպես էր պարուրել սպիտակ, նեոնային լիալուսինն իր մեջ, որ անհասկանալի էր՝ լույսի՞ սահմաններն էին սև, թե համատարած սևի սահմաններն էին վերջանում լույսով:
Կանգնած նայում էր լիալուսնին, որի շրջագիծը կատարյալ ողորկ էր և ասես կարկինով նկարված լիներ, երբ հանկարծ լիալուսինն սկսեց շարժվել: Այո՛...Շարժվեց ու սկսեց դանդաղ իջնել դեպի պատշգամբը, որտեղ միջահասակ, գանգրահեր պատանին, զարմանքից ու վախից քարացած, զարհուրելի այդ տեսարանին ականատես՝ անօգնական ու անշարժ կանգնած մնաց իր տեղում...
Ճերմակ, կլոր լուսինն ինչքան մոտենում, այնքան մեծանում էր...Հետզհետե նրա չափսերն անկարավառելի էին դառնում ու մի տեսակ սպիտակ ծանրություն էր իջնում պատանու ուսերին: Աթոռակից իջնելու ցանկություն չեր առաջանում իր մեջ և սարսափելի այդ տեսարանի անբացատրելի գեղեցկությունից նա պարզապես շփոթված , անկուշտ ու անհագ շարունակում էր վկայել հրաշքը:
Լուսնի սպիտակ նեոնային լույսը շլացնում էր աչքերը ու բաց աչքերով երկնքին նայելն անհնար էր արդեն: Լիալուսինն այնքան էր մոտեցել, որ մակերեսն ամբողջովին երևում էր իր բոլոր մանրամասներով և պատանին արդեն կարող էր երկարել ձեռքն ու շոշափել լուսնի հսկա ու ահռելի զանգվածը: Վախենում էր: Այս ամենի մեջ ինչ- որ անբացատրելի բան էր տեսնում: Ինչո՞ւ էր տիեզերքը հենց իրե՛ն ընտրել այս հրաշքով զարմացնելու համար...Ի՞նչ էր ուզում երկինքն ասել...Նա հիմա ուզում էր զգալ լույսի ո՜ղջ տաքությունը...Ուզում էր պոկել լուսնից մի պատառ ու դնել բերանը, ծամել, ծամել, կուլ տալ ու լցվել լույսով...
...Երկարեց աջ թևը, սակայն հասակը խանգարեց հասնել լուսնին: Բարձրացավ ոտքի մատների ծայրերին, թևն էլի առաջ տարավ ու...Ընդամենը մի փոքրիկ տարածություն էր մնացել, որ հասնի վերջապես, երբ լիալուսնի ողորկ շրջագիծը այլայլվեց հանկարծ, և պատանու սև, թուջե կաթսայի մեջ լցրած ճերմա՜կ, ճերմա՜կ կաթը եռաց ու թափվեց հատակին:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն