Վերադարձ դեպի ինձ



Վերադարձ դեպի ինձ

Ես թաքցնում եմ ապստրակտ գլուխս քո ռեալիզմում...
Ինչքան էլ բարդ է ինքնաթաղումը,
Միևնույն է, ես...ես գոնե գիտեմ, որ  դու կսանրես հիմա մտքերս,
Որ դու կհանձնես հայացքիս երգը լուսադեմն իրենց ուռկանում պահած լուռ ձկնորսներին,
Կմխիթարես սևազգեստներին
Մեռած մեղքերիս տապանաքարի փայլքը կեղտոտող բանաստեղծությամբ...

Ինչքան էլ բարդ է ինքնահաղթումը,
Ես միևնույն է, գիտեմ, որ կտաս հարցիս պատասխան,
որ կդիմանաս անկարգությանս ու կմիանաս ինքնաժխտումիս,
Կծափահարես բացակա դերիս խոնարհված գլխին ,
ու կարհամարհես անհավատ հոգիս` իմ հանդեպ տածած քո հին հավատով...

Ինչքան էլ բարդ է ինքնազատումը,
Ես միևնույն է, գիտեմ, որ դու ինձ կօգնես՝ մերժելով ստրկությունս...
...և հողափորիդ մեջ պահած ծաղկեփնջերով
Կդիմավորես իմ ընկրկումը՝ նվիրելով ինձ գողացված մի ձի,
որի բաշերին կկապես ոգիս,
որ վերադառնամ իմ վախերի լայն երախների մեջ կակաչներ խրած,
որ վերադառնամ իմ կասկածների աչքերի առաջ պատկերդ փռած,
որ վերադառնամ՝ գլուխս ծոցիդ միջից հանելու,
կանգնելու իմ զույգ ոտքերի վրա
որից մինչ օրս փախուստ եմ տվել...կոշիկներիս մեջ մեծ քարեր դրած:

Հունվար 21, 2013
Երևան


Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...