ԿԱՐՈՏ



ԿԱՐՈՏ

Մնացել էր տաս քայլ: Վերջապես հասնելու էր...Հասնելու էր այն փակ դռանը, որը բանալի չուներ, իսկ դուռը բացելու համար նախատեսած դանակն իր ձեռքում էր հիմա... Դանդաղ էր քայլում: Վախենում էր հասնել...Վախենում էր բացել դուռն ու հայտնվել դատարկության մեջ...

...Բակում տեղադրված մանկական ճոճանակները անշարժ, կախված էին կարմիր, կանաչ, դեղին ներկած մետաղե խողովակներից...Մի պահ կանգ առավ: Նայեց ճոճանակներից մեկին ու հիշեց մանկության տարիների իր այնքան սիրած երկար,կարմիր շղթաներից կախված ճոճանակը, որի վրա սիրում էր ճոճվել առանց որևէ մեկի օգնության...Ցատկում ու նստում էր ճոճանակի աթոռակին, ոտքերով ճոճանակի հետ միասին ետ ետ էր գնում ու բաց թողնելով իրեն ու ճոճանակը` սլանում էր առաջ, հետո էլի հետ, էլի առաջ ու ոտնաթաթերն ավելի ուժգին հարվածելով գետնին արդեն հայտնվում էր օդում...Օդում նա իր գլուխը գցում էր ետ ու երկրագնդին էր նայում հակառակ ուղղությամբ...Երկրագնդից բարձրացող մի ափ հողափոշին իր ճոճվող ներկայության մասին էր հիշեցնում և ամեն անգամ ոտքերը  հատակին մոտենալիս, ավելի ուժգին էր հարվածում հողին, նոր թափով նոր բարձրություններում հայտնվելու իր անհագ ու անչափ ցանկությամբ...

...Ուսերի ետևում կախած գլուխը բարձրացրեց ու վերջապես ուղիղ նայեց երկնքին, որտեղից կապույտի թափանցիկ ու վճիտ հոտ էր գալիս...Այնպիսի հանգստացնող բուրմունք կար երկնքում, որ նա մոռացավ անգամ  հինգերորդ հարկի իրենց տան պատուհանից բարձրացող, մոր պատրաստած ոսպով փլավի իր այնքան սիրած բուրմունքի մասին  և այդ օրը չվերադարձավ տուն:

Ճոճանակը հասել էր ամպերին, իսկ նրա ոտքերը կտրվել էին հողից...Դուռը բացելու համար նախատեսած դանակը շարունակում էր ձեռքում պինդ պահել, մինչև այն պահը, երբ գլուխը կախեց ու ծնկների արանքից նայեց աշխարհին, որն այս պահին կլոր, կանաչավուն, երկու ափերի մեջ տեղավորվող գնդակի էր նման: Վերցրեց աշխարհը ձեռքերի մեջ, մոտեցրեց քթին, հոտ քաշեց ու երկնքում ճոճվելիս, դանակը խրեց աշխարհի կանաչավուն կեղեվի մեջ, ու սկսեց հասած ձմերուկի պես կտրել: Աշխարհից ձմերուկի հոտ առավ, կարոտեց տունը, մոր պատրաստած ոսպով փլավն ու...Դանակը ձեռքերից բաց թողնելով երկնքի մեջ, դանդաղ, առաջ ու ետ ճոճվելով, ոտքերը վերստին հպեց հատակին ու մնացած տաս քայլերը...Վազեց:

Երևան- Նոյեմբեր 2012


Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն