Ես պարզապես մարդ եմ



Ես պարզապես մարդ եմ

Ախր հասկացի՛ր, ես այնքան խնդիրներ ունեմ, որ ինձ հետ ընկերություն անելը պատուհաս կդառնա քո գլխին...Չեմ ուզում ընկերներ, որովհետև սիրում եմ նրանց: Հեռվից ինձ սիրելն ավելի հետաքրքիր է...Հենց մոտենաս, կսկսեմ ամաչել ու տխրել, որովհետև մի նոր խնդիր կարող է բարդվել քո ուսերին...Ու գիտե՞ս...Չեմ հավատում այդ հայտնի ստին, որ իբր ընկերը ցավն ու հոգսը կիսելու համար է...Աշխարհում ո՛չ մի ընկեր ընկերոջ ցավը կիսելու համար չէ...Աշխարհում ո՛չ մի ընկեր չի սիրում կրակն ընկնել...ընկերները լավն են, երբ հեռու են ու շատ բան չգիտեն քո մասին...Չգիտեն, որ դու գիշերները դողում ես ցրտից, չգիտեն, որ վախենում ես շներից, առնետից ու քեզ հետևող ստվերից, չգիտեն, որ ձեռքերդ թացանում են երբ չես ուզում բարևել մեկին, չգիտեն, որ դու շպարով ծածկում ես քո անքնությունը, չգիտեն, որ երբեմն չես պատասխանում իրենց զանգերին, որովհետև պարզապես այդ պահին չես ուզում դուրս գալ քո լռությունից...չգիտեն... ու եթե իմանան, կսկսեն հեռանալ, ինչպես բարձր ալիքից հեռանում են նավակները, հեռանում են, որ չվնասվեն, որ հանկարծ չսուզվեն, որ հանկարծ չխորտակվեն...իսկ ես, շատ եմ նման բարձր ալիքներին, թեպետ ունեմ աշխարհի բոլոր մնացած ալիքների բաղադրությունը...ես էլ եմ ջուր...ես էլ եմ փրփուր...ես էլ եմ իմ մեջ կրում կապույտ գույնի գաղտնիքը...

Ախր հասկացի՛ր...ես այնքան խնդիրներ ունեմ, որ կարող եմ անտեղի ծիծաղել մեկ մեկ ու դա քեզ կարող է անբնական թվալ...Կարող եմ երգել, երբ երգելու տրամադրություն չունի ոչ ոք...Կարող եմ գոռալ ու պոռալ, երբ քնած երեխա կա սենյակում...Կարող եմ մեռնել, երբ դրա ժամանակը չէ ու կարող եմ ապրել, երբ բոլորն սպասում են իմ մահվան:

Ես անսպասելի ու անկանխատեսելի չեմ: Վտանգավոր ու առեղծվածային չեմ: Ես պարզապես մարդ եմ, որի մասին դեռ ոչ ոք ոչինչ չգիտի, մարդ եմ, որին դեռ ոչ ոք չի ուսումնասիրել ու սիրել, մարդ եմ, որը կարող է կին ու այր լինել միաժամանակ, երեխա ու ծեր, համբերատար ու անհամբեր, մարդ, որն անուն ու ազգանուն չունի, ժամանակ ու պատմություն չունի, անցյալ ու ներկա չունի...Ես պարզապես մարդ եմ, որի միջով են անցնում տիեզերքի բոլոր ռիթմերը, օվկիանոսների շնչառութունը, ծառերի մկրտությունը ջրով, ծիծեռնակների հայացքը, գայլերի կարոտը, խոտի գունափոխումն ու ամպերի գոլորշին...Ես պարզապես մարդ եմ, ով ի ծնե դատապարտված է միայնության, որպեսզի ընկերներ որոնելու ճանապարհին, գրի առնի պատմությունը կյանքի:

Սեպտեմբեր 2012 -Երևան


Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...