Պոետի վերածնունդը


Պոետի վերածնունդը



Նախաբան...

Բարձրաձայն հայհոյելու անզուսպ ցանկությունս պայթեց միանգամից  ու ասացի այն, ինչն ընդհանրապես տղամարդիկ են ասում կանանց: Գոռացի  ամբողջ ուժով: Ձայնս այդ պահին ինձ անծանոթ թվաց... Խառնվել էր ներքին ձայնիս:

Հայհոյանքից առաջ...

Քնած էի, երբ ուղեղս, որի ծալքերը հաճախ են տարօրինակ սվսվոցներ հանում, տխուրի իր դերի մեջ մտավ ու կորցրեց իր հավաքվածությունը: Ձևափոխվեց: Այո՛...Տխրեց ու ձևափոխվեց: Մի տեսակ փռվեց գանգիս հատակին ու կամակոր երեխայի նման երազիս ամենահետաքրքիր հատվածում, որոշեց գլուխը կախել, նվնվալ, ինքն իրեն աջ-ձախ խփել , սա ու նա պահանջել` և անգամ չմտածել հնարավորություններիս մասին: Տխրեցի ու թուլացա մարմնով, որովհետև ինքը ստիպում էր ինձ ենթարկվել իրեն ու իր տրամադրությանը և ես ստիպված արթնացել էի նույնքան դժգոհ, նույնքան անհանգիստ և նույնքան ցրված:

Տխրությունս լացել էր ուզում,  բայց գիտակցությունս հիշեց տարիքս ու ամաչեց...Մի քանի վայրկյան անց լաց եղա: Տխրությունս ավելի ուժեղ էր, քան գիտակցությունս:  

Լացս...

Կոպերս նմանվել էին մորս փոշու շորին, որը նա ջրով լի կանաչ դույլի մեջ թաթախելուց հետո քամում էր երկու ձեռքերը հակառակ ուղղությամբ պտտելով: Ճիշտ այդպես կոպերս հինգ- վեց տարեկան երեխայի աչքերի չափով լեցուն արցունք քամեցին ու մի տեսակ խաղաղություն իջավ  իմ և ուղեղիս վրա...Իջածն էլ սովորական խաղաղության նման չէր: Մի տեսակ խորհրդավոր խաղաղություն էր դա, որն իջնում է միայն իսկական պոետների վրա երբ նրանք ստեղծագործությունն ավարտելիս, հասկանում են իրենց գրածի արժեքը:  Այդժամ պոետները խաղաղվում են...Խաղաղվում են առանց հանգստանալու:

Պոետների դարն անցել է...

Այսօր առավոտյան բարձրահարկ շենքի իններորդ հարկի իմ մեկ սենյականոց բնակարանից աստիճաններով իջա: Վերելակում՝ աղբի, ձմերուկի հետ խառնված ճանճի հայացքի, հավի ոսկորների վրա մնացած մսահոտի, թափանցիկ ու բարակ տոպրակների մեջ պինդ կապած սեխի կեղևի ու աղացած հում մսաջրի հոտ էր: Քիթս ինը հարկ շարունակ փակել չէի կարող, ուստի որոշեցի աստիճաններով իջնել` յուրաքանչյուր հարկից առանձին-առանձին ըմբոշխնելով ամեն բնակարանից դուրս եկող և  տան մասին ամեն բան պատմող բույրը: 
Հասա բակ, որտեղ կողքի մուտքի հինգերորդ հարկի քառասուներկուամյա բնակիչ տղամարդը երկու րոպե առաջ ցած էր նետվել պատշգամբից :Առաջին անգամ էի ինքնասպանի դի տեսնում... Դրանք տարբերվում են տիեզերքի բոլոր դիերից իրենց ջղաձիգ կծկվածությամբ: Ինձ թվում է, թե նրանց մարմինները երբեք չեն թուլանում: Աջ ափով բերանս ծածկեցի որպես վախի, զարմանքի, շփոթմունքի ու խոսել անգամ չկարողանալու նշան և որոշեցի սովորել լինել անտարբեր : Քայլեցի բակում փռված նիհար դիակի հակառակ ուղղությամբ ու ահավոր քաղց զգացի:

Երանի ապրեի մեջս բնակվող տխուր պոետի տանը: Նրա տունը մաքուր է միշտ: Պոետների դարն անցել է վաղուց...Մաքուր բնակարաններ այլևս  չկան պոետների համար...

Վերջաբան...( ինչքան շուտ հասա վերջաբանին)

 Երեկոյան վերելակով բարձրացա տուն: Բակում դիակի հետքն անգամ չէր մնացել: Երեխաներ էին խաղում, ճոճվում, ծիծաղում...Որոշեցի գոնե այսօր շուտ քնել՝ շորերը հագիս: Մի քիչ խմել էի, որ ներսս մաքրվի: Հազիվ քուն մտած, իմ ներսում գտնվող մաքուր ու սպիտակ բնակարանի դուռը կամացուկ բացվեց: Պոետը գլուխը երկարեց ու բարի աչքերով զգույշ ժպտաց: Մահճակալս իմ ներսում ապրող տխուր ժպիտով պոետին թողեցի ու սկսեցի քայլել սենյակում` առանց պոեզիայի:

Մարմինս քրտնել սկսեց ու տագնապի ալիքը բարձրացավ մինչև թաց ճակատս: Սկսեցի մրսել: Մտա լողարան, հայելու առաջ կանգնեցի մենակ՝ առանց ուղեղիս,  որն այս պահին իմ անհրապույր մահճակալում պառկած հեռվից հետևում էր ինձ, երևի գուշակելով, որ իր ուշադրության կարիքն եմ զգում:
Հայելու մեջ ես էի՝ դատարկված, անիմաստ, տգեղ ու մերկ: Աչքերս աչքերիս սևեռած հայհոյեցի ինքս ինձ ամենավիրավորական խոսքերով, ծանր լռեցի, ապա ներողամիտ գրկեցի քրտնած մարմինս, հետո մեկ ձեռքով բռնեցի մյուս ձեռքս, քաշեցի թուլացած էությունս դեպի մահճակալ, նստեցի ուղեղիս կողքին ու հորանջեցի՝ օդի փոխարեն ինքս ինձ հավաքելով իմ մեջ:

Չքնեցի, սակայն երազս շարունակվեց, և ես որոշեցի արթուն մնալ՝ այլևս ո'չ մեկ երազ կիսատ չթողնելու ցանկությամբ:

Ժամը քանիսը չէ՛...Ժամը ինչ- որ թիվն անց թիվ է....Ինչ- որ թվից թիվ պակաս...


Նուշիկ Միքայելյան
Օգոստոս 2012- Երևան

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...