Միակ երազի արձագանքները...


Միակ երազի արձագանքները...


Նորից ես եմ՝ բազմատաղանդ անշնորհք գյուղացի քաղաքացիս, հիմար ուշիմս, ապուշ խելացիս, նվիրվող եսակենտրոնս ու դժգոհ շնորհակալս...Դե ես էլ եմ մարդ ու ի՛նձ էլ կարելի է հասկանալ երբեմն, թեպետ ինձ հասկանալու համար նախ ինձ նշմարել է պետք, հետո, ինձ հետ գոնե մեկ անգամ ճանապարհորդել, ինչպես ասում են ընկերության ջերմաչափն օդում թափահարողները...Իսկ ինձ հետ, դեռ ոչ ոք ճանապարհ չի ընկել, որովհետև Ճանապարհ ընկնելիս, բնականաբար բոլորն էլ ցանկանում են ընկերակցել մեկին, որի ընթացքն ունի հստակ ուղղություն...իսկ ես...ես ինքս էլ չգիտեմ թե ուր եմ գնում...Ես պարզապես մնում եմ...մնում եմ ինչպես խաղի ավարտին հարվածով դարպասում հայտնված գնդակը...

Մի ժամանակ...

Երեկ ես իմ գլխին կրում էի մի գլխարկ, որն այն ժամանակ կոչվում էր թագ... Այսօր, գլխիս վրա ավելորդ ու անիմաստ ծանրություն կլիներ ...Ինչ լավ է, որ կորցրել եմ...Ինչ լավ է, որ չկա...Ինչ լավ է, որ պարտավոր չեմ թագին համապատասխան գլուխ ունենալ...ինչ լավ է, որ գլխիս նայողներն այլևս չեն հիշում մի ժամանակ իմ թագակիր լինելու փաստը, ու մոռանում են հաշվի նստել ինձ հետ...Մի բան, որն ինձ ազատում է ինքս իմ առաջ հաշվետու լինելուց...

Կտավս...

...Կտավս ձգել եմ փայտե շրջանակի վրա: Հին ու փոշոտված նկարիս վրա նոր գույներ եմ փորձում քսել: Ներկապնակիս մեջ ընդամենը մեկ կամ երկու առողջ գույն է մնացել, իսկ մնացածը չորացել են ու ժամանակի ընթացքին քարացել...Ինձ մնում է մնացած այդ մեկ կամ երկու գույնով մի ամբողջական ու նոր պատկեր նկարել...Վարպետ նկարիչը դա կաներ միանգամից...Ես մոռացել եմ վարպետորեն նկարելու բոլոր կանոններն ու նայում եմ անգույն ու անհրապույր թվացող կտավիս, որն ասես ինձ հուշում է մտածել՝ մտածել կորցրած գույներիս, փոշոտված կտավիս ու ստորագրությանս մասին, որը կարող է մատնել ինձ ու իմ անճարությունը...

Նայում եմ պատերին կախած մյուս նկարներին և ինքնուրույն նկարել չկարողանալով, փորձում եմ ընդօրինակել...Ի՛նչ են նկարել մնացած բոլոր նկարիչները...Ի՛նչ գույներ են օգտագործել...Ի՛նչ վրձնով են գունաշերտեր դրել իրար վրա...

Սկսում եմ նկարել, սակայն գույներիս սահմանափակ լինելն ինձ խանգարում է: Կարմիրն ստիպված փոխարինում եմ ինչ-որ անհասկանալի սրճագույնով, հետո երկու գույներս խառնելով իրար ստանում եմ երրորդ մի գույն ու շարունակում եմ ծածկել հին կտավիս աղոտ գույները, ինքս ինձ համոզելով, որ երևի ինչ-որ մեկին սա դուր գգա... Կասկածում եմ, հետո սկսում եմ հավատալ, որ ստացվում է, հետո աջ ու ձախ նայելով պատերին կախած շքեղ նկարներից սկսում եմ պատկերային մանրամասներ գողանալ, մի փոքր փոփոխել, լղոզել, քողարկել ու հավատալ, որ նոր նկարս գեղեցկանում է, որ նկարս քիչ անց կկախվի ցուցասրահում ու կարժանանա այցելուների ուշադրությանը...

Նկարիս հին գույներն ամբողջովին ծածկել չի ստացվում...Հաստ շերտերի վրա իմ քսած բարակ ու անգույն ներկաշերտերը միշտ չէ, որ փակում են հինը ու ես՝ ժամանակակից նկարիչս, դառնում եմ իմ հին կտավի գերին, փոփոխել փորձելով այն, ինչն ըստ շատերի, ներկա ցուցասրահում չի դիտվի, չի նկատվի, չի հասկացվի ու չի գնահատվի...Ես իմ հին կտավից սկսում եմ հոգնել...Երանի՜ նրանց, ովքեր շատ և թանկ ներկեր ունեն...Երանի՜ նրանց, ովքեր այս ցուցասրահում ունեն իրենց մշտական տեղը...Երանի՜ նրանց, ովքեր պիտի տիրանան երկրի արքայությանը:

Իմ հորինած ճշմարտությունը

Ստվերս իմ սեփական մարմնից հսկա, հետևում է ինձ...մտածում եմ, որ սեփական չափը ստվերի չափով է պետք որոշել և արևի տակ եմ կանգնում այնքան, մինչև իմ հորինած ճշմարտությունը մայր է մտնում...

Գիշերները ես մնում եմ մենակ ինքս իմ իսկական չափերի հետ ու թաքուն արտասվում եմ:


Մտածողները...

Հրապարակում հավաքվել են մտածողները: Նրանք բոլորն էլ ունեն խոսափողեր: Նրանք նման են իրար: երկարաբեխ են, ճերմակահեր, ու մեկ էլ ...Կին են նրանք...Կանայք բեխ չունեն: Կանայք ոլորում են տղամարդկանց բեխերը ու դրանից՝ մտածող տղամարդիկ սկսում են ավելի խորը մտածել:Այնպիսի աղմուկ է, որ հոգնում ես լռությունից: Ուզում ես խոսել այնպես, որ բոլորը կողք կողքի կանգնած ոլորեն մեկ համազգային բեխ, որի յուրաքանչյուր մազաթելի տակ թաքնված իմաստություն կա: Բոլորն իրար հետ մեկ բեխ ոլորել չեն ուզում, ու շարունակում են նոր ու փոքրիկ բեխեր աճեցնել հրապարակում:

Միակ երազի արձագանքները...

...Մի անգամ ես երազ տեսա: Երազը մարդուն տրվում է միայն մեկ անգամ: Մնացած բոլոր երազները այդ մեկ երազի արձագանքներն են...
Գնալով հեռանում են քեզանից...

Գնալով, անլսելի դառնում...

Գնալով մոռանում ես, որ երազի տերը դու ես...

Գնալով, կորցնում ես երազ տեսնելու կարողությունդ ու անընդհատ քնում ես...

Քնում ես, հաջորդ երազը տեսնելու անհնա՛ր ակնկալիքով...

...

...

...



Նուշիկ Միքայելյան
Հունիս, 2012 թ. Երևան

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն