ՍԻԿԻՄՈՆ


ՍԻԿԻՄՈՆ

Նա վարժ ցատկեց, նստեց ծառի ճյուղի վրա և երբ հայացքը բարձրացրեց, որպեսզի վերջապես հանգի՜ստ նայի երկնքին,  ճյուղը կոտրվեց ու նա ճյուղի հետ միասին ընկավ անձրևոտ հողին:
Եկեք գոնե մի անուն տանք մեր հերոսին: Ասենք` Սիկիմոն...Որևե նշանակություն չունի: Մի խոսքով...Սիկիմոնը անշարժ պառկած մնաց հենց այն դիրքով, ինչպես քիչ առաջ ընկել էր: Ոտքի կանգնելու ոչ մի ճիգ չթափեց: Նույնիսկ հողի խոնավությունը նրան չստիպեց  շորերի մասին մտածել: Իհարկե դա դեռ չէր նշանակում, որ մարմինը չէր ցավել: Ցավում էր:  Մարմնի ցավն այս պահին ծեծված ու ստորացված հոգու ցավի էր նման, իսկ հողի թացությունը տհաճություն էր պատճառում, բայց նա անշարժ, համառորեն փորձում էր համակերպվել իր նոր դիրքի հետ: Մի գուցե ա՛յս էր իրեն սահմանված հարմարագույն տեղը...Արդեն քանի՜ դար է որոնում ու չէր գտնում...Չէր գտնում այն տեղը, որտեղից վերջապես հանգիստ կկարողանար նայել երկնքին: Միշտ ինչ որ բան խանգարել էր: Չէր ստացվել:
Նա Նույնիսկ մի անգամ փորձել էր հողը փորել ու տեղավորվել փորած փոսում: Երկար չէր դիմացել: Շունչը կտրվել էր ու Սիկիմոնը հասկացել էր, որ դա' էլ  իր իրական տեղը չէ: Մեկ ուրիշ անգամ ինքն իրեն ամուր կապել էր թռչնի մարմնին, որպեսզի թռչնի տաքուկ, թրթռացող թևերի հետ  երկինք բարձրանա...Էլի չէր ստացվել: Թռչունը կտցով քանդել էր իրեն խանգարող կապերն ու առանձին թռել-գնացել էր:
Սիկիմոնը իր իրական տեղի որոնման երկար ու ձիգ տարիների ընթացքում եկել էր այն եզրակացության, որ տեղահանություն բառն առաջին անգամ իմաստ է ստացել Եդեմում, այն օրը, երբ Ադամն ու Եվան իրենց արարչի կողմից տեղահանման հրահանգ ստանալով, գաղթի ճամբան էին բռնել: Հենց այդ նույն օրվանից էլ Սիկիմոնն իր տեղը չէր գտնում կարծես, և շարունակում էր ապրել իր եսի համար հարմար տեղ գտնելու երազանքով: Երբեմն հոգու խորքում ըմբոստանում էր իր կենսագրության ընթացքը ակամա որոշած, իրեն պարտադրված իր նախնիների վրա, որոնք իրենց ծննդավայրի համար կարծես թե չէին էլ պայքարել...Տեղահանման հրահանգն ստացել, ու հանգիստ դուրս էին եկել Եդեմից...Չէ՞ որ կարելի էր պարզապես մնալ...Չէ՞ որ կարելի էր չենթարկվել նաև ա՛յդ հրահանգին...Մի գուցե այդժամ ներվե՞ր իրենց մեղքը...Մի գուցե մնալո՞վ պետք է արտահայտեին իրենց սերը տրված իրական տեղի նկատմամբ ...
Մտքերը խառնվեցին իրար ու նա իր նախնիներին արդարացնելու ճիգով, մի պահ մտածեց, որ մարդու գոյության առաջին իսկ օրվանից ՍԵՐԸ, փաստորեն, պայմանավորված էր ենթարկվելո՛վ: Միգուցե այդ ժամանակ Ադամն ու Եվան ավելի շա՞տ էին հավատում իրենց հոր անվերապահ սիրուն ու չեին էլ պատկերացնո՞ւմ, որ նա դաժանորեն պատժել կկարողանա...Չէր հասկանում: Չգիտեր:
Մտքերն անհսկելի արագությամբ էին անցուդարձ անում իր ուղեղում...Սակայն ինչպիսի՞ տեղ էր հիմա  փնտրում Սիկիմոնը : Նա ինքն իրեն այդ անխուսափելի հարցը տվեց վերջապես: Ախր տիեզերքն ամբողջությամբ տեղերի հանրագումար էր: Ինչո՞ւ էր անընդհատ տեղ որոնում...Ինչո՞ւ չէր հարմարվում: Ի՞նչն էր խանգարում հանգիստ նայել երկնքին: Ի՞նչն էր իրեն մղում այդ տեղը որոնել` ի՛ր տեղը... Ներդաշնակության պակաս էր զգում միշտ...Չէր հարմարվում ոչնչի հետ...Համենայնդեպս հոգին խաղաղ չէր, նման այն նորածնին, որ ծնվել ու դուրս էր եկել իր մոր արցանդից դեպի մի նոր աշխարհ, որն իրենը չէր...Որն ուրիշինն էր եւ ինքը պիտի զրոյից սովորեր այս նոր աշխարհում ապրել: Մի խոսքով, ի՞նչ հաշիվ էր սա...Եթե աշխարհ էր եկել, ուրեմն հսկա ու անծայրածիր տարածությունների մէջ պիտի գտնվեր այն  տեղը, որն իրն էր հաստատ...Ի՜րը... Եվ որտեղ նա ոչ մի անհանգստություն պիտի չզգար և այդ տեղից վերջապես պիտի կարողանար հանգի՜ստ նայել երկնքին...

...Սիկիմոնի խոնավ ու անշարժ մարմնին մի ծանր ու կպչուն բան թառեց հանկարծ: Սարսռաց Սիկիմոնը ու չպատկերացնելով, թե այս չբնակեցված, ամայի անտառում ո՛վ կամ ի՛նչ կարող էր իր վրա թառել, դեմքը մխրճեց հողի մեջ, շունչը պահեց որպես ինքնապաշտպանության միակ միջոց ու սպասեց...
Մեջքին թառած մարմինը շնչում էր...Կենդանի էր ուրեմն...Մկաններն ավելի լարվեցին ու չգիտես ինչու, Սիկիմոնը մեռնել ուզեց: Վախն իրեն հանգիստ չէր տալիս...Եթե մի փոքր էլ քիթը հողի մէջ խրած պահեր, շնչակտուր կմեռներ ու կազատվեր այս տհաճ վիճակից...Սակայն ինչ որ մեկը ականջին  փսփսաց...« Ինչքա՞ն էս էսպես պառկած մնալու...Վե՜ր կաց»: Ձայնը բավականին մտերմիկ ու փափուկ հնչեց՝ թեպետ ծանոթ չէր իրեն: Լարվածությունը մի քիչ թուլացավ, որովհետև հասկացավ, որ մեջքին մարդ է թառել ու հետը խոսողն էլ իր պատկերացրած գազաններից չէր: Մարմինը շարժեց ու դեմքը մի կերպ շրջեց, որ  խոսակցին տեսնի: Աչքերից մի քանի հողացեխի փշրանքներ ընկան ու նա վերջապես պարզ տեսավ հսկա այդ մարմինը, որն ավելի շատ հրեշտակի էր նման: Միգուցե արարիչը հենց սա՞ էր...Չէր հասկանում...Նման էր... Համենայն դեպս Սիկիմոնը այսպիսի՛ն էր պատկերացրել Աստծուն...
Գիտեմ, հիմա պիտի ասեք, որ երևակայական գրականությունից հոգնել եք և որ աճել է ժամանակակից անտաղանդ գրողների թիվը: Ոչի՜նչ...Դուք ճի՛շտ կլինեք, որովհետև հրեշտակների կամ Աստծու մասին գրելն ամենևին էլ տաղանդ չի պահանջում:  Այսպե՛ս ուրեմն: Ճերմակ, խորհրդավոր դեմքով, փետրավոր երկու հսկա թևերով, որոնք հիմանակնում չեն օգտագործվում, դեմքը մարդու դեմքին բավական նման, մի տարբերությամբ սակայն, որ այս հրեշտակի դեմքին  մի տարօրինակ հանգստություն կար...Սիկիմոնը իր նախնիներին հիշեց՝ Ադամին, Եվային... Հիշեց նաև, որ նրանց գործած մեղքի պատճառով շարունակ տանջվում էր, ու որոշեց այս անհասկանալի հրեշտակ-սուրհանդակ-արարչի հախից  գալ: Իր կարծիքով, ժպտացող հրեշտակները մարդկանց ստորացնելու համար են ուղարկվում...Այո՛...Կարծես հերիք չէր, որ եկել, հանգիստ բազմել էր Սիկիմոնի մեջքին, ու չէր թողնում հանգիստ շնչել, հիմա էլ ժպիտը դեմքին՝ վերևի՜ց էր նայում, իր անհասկանալի հանգստությամբ կարծես հուշելով, որ Սիկիմոն կոչվածը քիչ առաջ զուր էր մահվան կամ այլ լուրջ բաների մասին մտածում...«Հա բայց բավակա՜ն է ...» հազիվ էր նա մտքում ասել, երբ նույն պահին հրեշտակ- արարչի ժպիտն ավելի լայնացավ ու նա անմիջապես պատասխանեց, թեպետ Սիկիմոնն ընդամենը  մտքում էր խոսել: «Ես պարզապես եկել ու գտել եմ իմ տեղը ...» : Ասաց ու կպչուն մարմինն ավելի ծանր  տեղավորեց Սիկիմոնի մեջքին: Սիկիմոնը քիչ էր մնում խեղդվեր: « կներեք, բայց ես տեղ չեմ, որ գաք ու վրաս թառեք...( մեծին հոգնակիով դիմելու սովորույթով ընդվզեց նա)...Էսքան ծառ ու ծաղիկ կա...Գնացեք ու հանգիստ թառեք ձեզ համար...Իսկ ես հիմա պետք է գնամ...Լավ չեմ զգում...Դուք ահավոր ծա՜նր եք...» ասաց ու մարմինը աջ ու ձախ շարժելով, հրեշտակի ծանր մարմնի տակ դժվարությամբ շուռ ու մուռ գալով վերջապես հաջողությամբ ազատեց իր մարմինը:
Սիկիմոնին թվաց, թե հրեշտակ-արարչին մեկ-զրո արեց: Վրիժառուի հաղթական հպարտությամբ նայեց նրա ճերմակ դեմքին ու զգաց, որ այդ առեղծվածային հսկայի դեմքից քիչ առաջվա ժպիտն անհետացել է: Սիկիմոնը վեր կացավ, թոթվեց շորերը, ընթացքում զննելով հրեշտակի արդեն տխուր դեմքը...Հիմա Սիկիմոնն արդեն կարող էր քայլել ու հեռանալ... Ճերմակ ու տխուր հսկան իրեն չէր խանգարում: Ոչինչ չէր ասել: Չէր բողոքել: Սակայն Սիկիմոնը ինչ որ բան հասկանալու ակնկալիքով անընդհատ շորերն էր թոթվում, ու կարծես մահանա էր փնտրում, որ մի քիչ էլ մնա: Երկարատև լռությունից անհարմար զգալով, խոսեց. «Դու հրեշտակ ես, չէ՞... Այսինքն ուզում եմ ասել, դու կարող ես գնալ այնտեղ, որտեղ ցանկանաս...Այսինքն ուզում եմ ասել դու ազատ ես...չէ՞...Կասե՞ս...Հանկարծ չասես, որ  Աստվածն ես...Որովհետև եթե դու հենց նա ես, ես քեզ ասելու բան ունեմ...Իսկ եթե...Այսինքն...Դու ընդհանրապես անում ես այն ինչ ուզում ես, չէ՞... և ընդհանրապես քեզ ոչ ոք չի կարող խանգարել, չէ՞...Մի խոսքով, դու ամենակարողն ես: Հը~...ասա~...Իսկ եթե թույլ տաս, գնալուց առաջ ե՛ս ասեմ... Ինչո՞ւ եմ ե՛ս պատասխան տալիս նրանց արածների համար...(Սիկիմոնն արդեն բղավում էր) ...Քոնն էին չէ՞... Քո հարազատ ստեղծագործությունները... Ինչո՞ւ էիր տնկել այդ ծառը... Հատուկ էիր արել չէ՞...Կարող էիր և չտնկե՜լ... Իսկ տնկելուց հետո էլ, կարող էիր նրանց չարգելել այդ ծառից օգտվել չէ՞...Ախր եթե հենց ինքդ տնկել  ու իրենց աչքի առաջ էիր դրել, պիտի ուտեին չէ՞... Հետո ասենք կերան... Ինչո՞ւ նեղացար... Ինչո՞ւ չներեցիր... Ինչո՞ւ վտարեցիր... Ինչո՜ւ...» Սիկիմոնը բղավելուց շնչասպառ, չկարողացավ շարունակել խոսքն ու ընկավ ծնկների վրա: Երկար լռություն տիրեց ու դա Սիկիմոնին դուր եկավ: Խոսքը կարծես տեղ էր հասել և թվում էր, թե ուր որ է ճերմակ հսկան պիտի գրկախառնվեր Սիկիմոնին ու արտասվեր... Սիկիմոնը սակայն հսկայի ծանր հոգոցը լսեց միայն: Նա երկար նայեց Սիկիմոնին աչքերին, հետո ծանր մարմինը հազիվ շարժելով, դանդաղաքայլ, թևերը քարշ տալով հեռացավ:
Սիկիմոնը շփոթված, ծածուկ հետևեց նրան: Հսկան քայլեց, քայլեց ու վերջապես մի վիթխարի պտղատու ծառի մոտեցավ:  Երկար ու կարծես կարոտով նայեց ծառին, հետո ինքն իր մեջ որոշում կայացրած, անսպասելի վարժ ցատկով թառեց ճյուղին և հյութալի պտուղից ուտելով ինքն էլ նայեց երկնքին: Նրա ծանրությունից ճյուղը հանկարծ կոտրվեց և ճերմակ թևերով խորհրդավոր հսկան ընկավ խոնավ հողին, քիթը կարոտով մխրճեց ընդերքի մեջ ու անշարժացավ...
           
Եկեք գոնե մի անուն տանք նրան: Ասենք`Տորիման... Որևե նշանակություն չունի:

Սիկիմոնը վազեց ու նստեց նրա մեջքին: 

Երևան- 2012

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն