Պարզապես մտածում եմ...


 ՓԱԿ ՊԱՏՈՒՀԱՆ



Օր առաջին:

Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ականկալիքով: Ըստ մարդու ստեղծած օրացույցի, ձմեռ էր: Հունվար: Ըստ Աստծո՝ գարնանային ջերմ եղանակ էր դրսում, ու ես նախընտրեցի Աստծո օդը շնչել, որտեղ ժամանակ ու օր չկար, իսկ Հունվարը կարող էր նաև Ապրիլյան օծանելիքի բույր ունենալ...Աղբատար մեքենան խեղճացած նայում էր բակում ցիր ու ցան եղած ամանորյա աղբին, որն այսօր անտանելի գարշահոտ ուներ...Քիչ առաջ մեր սեղանին դրված, զարդարված պասուց տոլման հայտնվել էր աղբատարի մեջքին, աղցանի մնացորդների, մորթված ու չկերված խոզերի ու դատարկ շշերի հետ: Քիթս բողոքեց: Պատուհանս չփակած, նայեցի երկնքին, որտեղից երկրագնդին նայող մի երեխա իր թևը երկարեց , մատները մխրճեց աղբատարի մեջ ու մի ափ ուտելիք տարավ իր հետ դեպի անհայտը:

Փակ պատուհան:

Օր երկրորդ:

Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ակնկալիքով: Վարորդը խնդրեց, որ փակեմ այն...Քամին ծոծրակին էր խփում: Անմիջապես փակեցի: Ձեռքը տարավ ռադիո ընդունիչի կոճակին, պտտեց աջ ու ձախ և ընտրեց մի անուն չունեցող երաժշություն, որի ֆոնին հայրենիքիս դրոշի գույները խառնվեցին իրար, հեռավոր դաշտերում տնկված ծիրանենիները ծաղկաթափ եղան, երկինքը փակեց իր զույգ ականջներն ու աղոթքս տեղ չհասավ:

Փակ պատուհան:

Օր երրորդ:

Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու ակնկալիքով: Հարևանս հարբած, իր վեց երեխաների մոր հետ զրուցում էր հայհոյերեն: Կինը իր վիզը եզան հեզությամբ կախած սպասում էր ամուսնու մահվանը...Օղին սրբում էր նրա մարմնի ներսում բացված վերքերը, իսկ երկնքից վիսկիի հոտ էր փչում ու մի հարուստ մարդ իր սիգարի մոխիրն էր անտարբեր թափ տալիս աշխարհի երեսին:

Փակ պատուհան:

Օր չորրորդ:

Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու անկնալիքով: Դասատուս կիտեց ունքերն ու հրամայեց պատուհանից դուրս չնայել: Մնացի դասատուիս երևակայության չորս պատերի մեջ, դրսում թողնելով այն ամենը, ինչը չսովորեցի հենց նրա' պատճառով: Դասարանում սովորեցի գումարել, հանել, բաժանել ու բազմապատկել, երբ պատուհանից դուրս նայելով կարող էի սովորել-բավարարվել եղածով:

Փակ պատուհան:

Օր հինգերորդ:

Պատուհանս բացեցի թարմ օդ շնչելու անկնալիքով: Երկնքում սլացող պատերազմական հրթիռները նման էին մանուկ հասակում պարաստած իմ թղթե սպիտակ հրթիռներին, որոնք  ինչքան էլ ուղիղ նետեի օդում, միևնույն է անկում էին ապրում:
Արևելքն ու արևմուտքը դադարեցին ծառայել նրան, ում անունն են կրում, արևն իր մշտական ճանապարհը կորցրած երկիր մոլորակի մեր բակում ընկավ, երկար գլորվեց ու կանգ առավ երեխայիս ոտքերի արանքում, ով ֆութբոլ խաղալուց հոգնած, վերցրեց ոսկե գնդակն ու մեծացավ:

Փակ պատուհան:

Օր վեցերորդ:

Պատուհանս չկարողացա բացել թարմ օդ շնչելու ակնկալիքով: Օդանավում էի: Ավիաընկերության աշխատակիցը զգուշացրեց, որ օդանավը վայրէջք է կատարելու երկիր մոլորակում, որին հասնելու համար ես և բոլոր ուղևորները ահագին երկար ճանապարհ էինք անցել:
Հայրերն ու մայրերը սիրել էին իրար, հետո, մայրերը մեզ իրենց մեջ էին գրկել ամիսներ շարունակ, որ մեր ծննդով լուսավորվեին աշխարհի բոլոր բնակարանները, որ բացվեին պատուհանները բոլոր,  որ թարմ օդով ողողվեր աշխարհը և որ ո՛չ ոք ծնված լինելու  հրաշքից զուրկ չմնար...

Բաց պատուհան:

Վայրէջք:

Օր յոթերորդ:

Հանգիստ:


Երևան - 2012

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...