Պարզապես մտածում եմ...



Աստված այսօր կարմիր հագած նայում է ինձ...

Նոր տարի...Մանկական հեքիաթ, որի գույների մեջ ուզում եմ մխրճվել, ընկղմել, հետո, փափուկ բարձին գլուխը դրած հոգնած մարդու պես խո՜րը ու հաճելի շնչել և անհամբեր սպասել հաջորդ երազին, պատրաստ՝անքնությունս ամեն կերպ հաղթահարելու ...Քնել՝ ամենաբարի երազը տեսնելու ակնկալիքով, ամենաազնիվ ցանկությանս ափաչափ մարմինը թռցնելով երկինք, աղավնուս թևերի թրթռոցի հետ սիրտս թրթռացնելով ու դիտելով անշարժ երկնքի շարժումն ապահվող նրա սպիտակալույս թռիչքը...

Նոր տարի...Մանկական հեքիաթ, որի եղևնաձև էությունը հարազատ է եկեղեցու զանգակատան սրածայր իրանին, զանգի նման օրորվող առավոտ, ձնով փաթաթված ոսկեճերմակ արև, կարմիր, նախշազարդ գնդակ՝ ոսկեթելով կախված քաղաքի սպիտակ առաստաղից, հիպնոսացող աչքերի մեղմ հայացք, վերջակետի սպասում ու նոր տողից նոր միտք գրելու ներշնչանք ու անհամբերություն, վերնագիր, որտեղ տառերին են փոխարինում ժպիտներ... Եվ ստորագրություն, որը բոլորինն է...

Նոր տարի...Մանկական հեքիաթ, փայտե սեղանին շարած նշենու մտերմություն, ընկուզենու խորհուրդ ու խաղողի թարմության կարոտ...Հրեշտակի թևերի տակ պահված մանկական մաքուր հայացք, աշխարհի բոլոր պապիկների մորուքներով հյուսված իմաստություն, խաղալիքներով լի տիեզերական մի պարկ, որից կես գիշերն անց դուրս են թափվում երազներին փոխարինող բարի աստղեր, մոլորակներ, որտեղ նախագահում են ծառերը և գիշերներ, որոնց ետևում թաքնված են մեկից ավելի արեգակներ...

Նոր Տարի...Կգաս ու կմանկանամ քեզ հետ, գոլորշիով վարագուրված պատուհանս կմաքրեմ ափերով իմ ու կնայեմ երկնքին, որտեղ Աստված այսօր կարմիր հագած նայում է ինձ, որտեղ Աստված այսօր բարիացած,  ներում է իմ ու բոլորի մեծ ու փոքր հին մեղքերը...

Նոր Տարի...Մանկական հեքիաթ, որն ունի մե՛կ գիշերվա կյանք...

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...