Պարզապես մտածում եմ...


Ինչո՞վ լցնեմ քեզ...

Բայց ես պարտավոր չեմ քեզ հասկանալ...Դեմքդ տարօրինակ մի մակերես է, որտեղ անդունդներն ավելի շատ են, քան գագաթները...Նայում եմ անդունդներից մեկին, հետո մյուսին, ու  մեջս ցանկություն է առաջանում ապտակել քեզ...Շատ անիմաստ անդունդներ են...Ոչինչ չեն պարունակում դատարկից բացի...Ինչո՞վ լցնեմ քեզ...Ախր մինչև քեզ լցնելու չափ հարստություն հավաքեմ, կյանքիս մեծ մասն անցնելու է հավաքելով...Հավաքարար հո չեմ...Հավաքել չեմ ուզում...Իսկ դու մակերեսիդ վրա մի լայն ու հիմար ժպիտ ես կպցրել ու հետևում ես ինձ...Ինչո՞ւ ես հետևում ինձ...Կարևո՞ր եմ...Ուրեմն թող ապրեմ...Մի հետևիր քայլերիս...Առանց այդ էլ քայլել սկսած առաջին իսկ օրից ով ասես հետևում է ինձ...

Երեկ գիշեր քնել էի փորձում...Ինչպես միշտ անհանգիստ էի...Հենց հորիզոնական դիրք եմ ընդունում, մահվան մասին եմ մտածում...Ու քունս սկսում է ցատկռտել կոպերիս տակ, դուրս թռչել թարթիչներիս արանքից, թփռտալ, դողալ...Մի խոսքով, նրան աչքերիս տակ պահելն անհնար է լինում...Արձակում եմ, որ գնա ու գա միայն այն ժամանակ, երբ ինձանից ուժեղ է...Հա...Չմոռանամ...Ուրեմն փորձում էի քնել, երբ հիշեցի, որ արևածաղիկներն իրենց փարթամ գլուխներն ուղղում են դեպի արևը...Պատկերը պոետիկ է...Երանի մարդն էլ նման լիներ արևածաղկի ու գլուխը թեքեր դեպի լույսը...Այդ պատկերի մասին հազիվ մտածած, անմիջապես անբնական չափի մի հսկա արևածաղիկ սկսեց կոպերիս տակից դուրս սահել... Կոպերիս տակ արևի բացակայությունն էր պատճառը երևի...Ինչևե...Դուրս եկավ ու ես սկսեցի հետևել իր շարժմանը...Հրաշքի համազոր պատկեր էր...Կանաչ ցողունն այնքան երկարեց, այնքան երկարեց, մինչև հասավ տիեզերքին...Այդ պահին հրաշքին հավատացի...Ախր պիտի տեսնես, որ հասկանաս...Հսկայական մի արևածաղիկ, սլանում է երկինք...Արմատները կոպերիս մեջ են դեռ...Գլուխն է բարձրանում...Բարձրացավ այնքան, մինչև աննկատ դարձավ...Միայն իր կանաչ ցողունն էր կոպերիս ու տիեզերքի արանքում ձգվել...Չգիտեմ ինչու, բայց ինձ թվաց, որ տիեզերքից մի բան խնդրելու առիթ է սա...Տիեզերքից մի բան խնդրեցի ու լաց եղա...Դեռ չտված` հավատացի որ տալու է ու հիմարի նման լաց եղա...Այդ պահին կարող էի նույնիսկ բանաստեղծություն գրել...Այդքան մաքուր էի...Այդքան ազնիվ ու այդքան երեխա...Մի խոսքով...Արևածաղիկը մնաց վերևներում, իսկ ես մահճակալից որոշեցի դուրս գալ ծխելու...Այ մարդ...Ցողունի շարժումն զգացի...Ուր գնում էի, հետս էր գալիս...Կարծես երկնքում արձակված մի թռուցիկ էր արևածաղիկը, որի ցողունը փաթաթված էր ինձ...Համակերպվեցի այն մտքի հետ, որ տիեզերքը հետևելու է ամեն մի շարժումիս...Մի պահ կաշկանդվեցի, որովհետև այդ պահին զուգարան գնալու կարիք ունեի, ու իհարկե նախընտրելի չէր հետևող ունենալ...Հետո հիշեցի, որ մենք բոլորս տիեզերքի ծնունդ ենք ու ամաչելու մասին այլևս չմտածեցի...

Առավորտյան արթնացա սովորականի պես...Իմ կապույտ վարագույրներով սենյակում...Փորձեցի հիշել, թէ երբ եմ քնել՝ չհիշեցի...Հետո նայեցի լուսամուտին, որտեղից ինձ երևաց դիմացի բարձրահարկ շենքի պատշգամբներից մեկում շարժվող մի կին...Տարօրինակ շարժումներ էր անում...Ինչ որ բան էր քաշքշում կարծես...Հայացքս կենտրոնացումով սևեռեցի նրա վրա ու տեսա, որ կինը փորձում էր երկնքից մի բան իջեցնել ներքև...Մահճակալից դուրս եկա և մոտեցա պատուհանիս, որպեսզի կարողանամ նայել երկնքին...Եվ ի՜նչ տեսաաաա...երեկ գիշերվա նո՜ւյն արևածաղիկը... Ի՛մ արևածաղիկը...Կինը ցողունից բռնած քաշքշում է...Ա՜յ քեզ ապուշ...Հո՜պ...Էս ի՜նչ ես անում...Մտածեցի գոռալ ու ասել, որ ձեռք չտա...Ու արեցի...Բացեցի պատուհանս ու ամբողջ ուժով գոռացի...Տիկի՜՜ն...Հե՜յ...Ի՜մն է...Թողե՜ք...Էդ ի՞նչ էք անում...Մի՛ իջեցրեք ներքև...Դա ձեզ չի՜ պատկանում...Թողե՜ք...Տիկինը զարմացած դեպի իմ տան պատուհանը նայեց, ուսերը ապշահար թոթվեց ու շարունակեց կանաչ ցողունից քաշքշել...Մի պահ հայացքս ուղղեցի ներքև...Սարսա՜փ...Էլի այդ տարօրինակ դեմքը...Նույն մակերեսով, որտեղ անդունդներն ավելի շատ են քան գագաթները...Ախր հիմա՞ ինչով լցնեմ...Արևածաղիկս էլ գողանում են այս պահին...Հազիվ մի բան գտել էի...Մի բան, որն ավելի մեծ էր իր չափսերով, քան այս անդունդը...Տիկի՜ն...Դա ի՜մն է...Մի վերջին ճիգով փորձեցի ետ բերել իմ սեփականությունը, երբ հանկարծ դեմքիս մի լայն ժպիտ գծվեց...Ներքուստ ժպտալու տրամադրության մեջ չէի...Ինչ որ մեկը խաղում էր դեմքիս հետ...Ժպիտս լայնացավ այնքան, մինչև հասավ դիմացի շենքի պատշգամբում շարժվող կնոջը...Ժպիտս լվացքի կոր թելի նման կախվեց մեր երկուսի արանքում, իսկ տիեզերքից գլուխը մեր վրա խոնարհած արևածաղիկը, խորը շունչ քաշեց ու նետվեց անդունդ...Անդունդի փոխարեն, լայն ժպիտիս տակ, ինձ ու դիմացի պատշգամբում կանգնած կնոջը հրապուրեց հսկա արևածաղիկներով բեռնված անծայրածիր մի մակերես, որտեղ քայլելու տեղ չկար այլևս...Մենք ստիպված թափահարեցինք մեր  թևերը ու թռանք պատուհաններից դուրս... Եկանք, թառեցինք օդում կախված լայն ժպիտիս վրա ու...Անդնդից  այլևս չվախեցանք:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն