Պարզապես մտածում եմ...


Աստծուն տափակի տեղ ես դրել...Գիտե՞ս...


Բարև սիրելի ընթերցող: Երբեմն նույնիսկ ոչ սիրելի ընթերցող:
Սիրել-չսիրելու իմ օրենքները ես եմ հաստատում այստեղ, ու ինչքան էլ նեղանաս, տխրես, քմծիծաղ տաս կամ արհամարհես, միևնույն է, ում սիրում եմ, ասելու եմ, որ սիրում եմ: Ում չեմ սիրում՝ ավելի երկար ու հրապարակային ասելու եմ, որ չեմ սիրում: Սա իրոք միակ տեղն է, որտեղ ես ազատ եմ ու միակ տեղն է, որտեղ որևէ մեկի անտեղի մուտքը կարող եմ արգելել: Մի խոսքով, այստեղ տերը ես եմ, հյուրընկալն ու վտարողը նույնպես: Ինձ համար այսպես լավ է, իսկ քեզ համար պարզապես հիմա հետաքրքիր է այս ամենը կարդալ...Այո՛, դու ուզում ես սա կարդալ, որովհետև ինչ որ բան հիմա քեզ վանում է ինձնից, իսկ մարդն իր էությամբ միշտ ձգտում է ունենալ այն, ինչը վանող է իր էությամբ...Արգելված պտուղի պատմությունն է...Ուտելով այն, պիտի հաստատես քո ընտրություն կատարելու ազատությունը, դրախտից զրկվելու գնով:

Չէ՛...Միևնույն է մարդը օրենքներ չի սիրել ու չի սիրելու: Մարդն օրենքները կխախտի այնքան ժամանակ, ինչքան ազատ չէ...Իսկ ինչո՞ւ ազատ չէ...Որովհետև ինքնաստեղծ չէ...Մարդու արարչությունը միշտ կախված է եղել ինչ որ մեկից, ինչ որ բանից, ինչ որ ուժից, և այլն...Մարդը երբեք չի՛ հավատա, որ հենց ինքն է իրեն ստեղծել...Այ եթե ինքներս մեզ ստեղծած լինելու գաղափարը ընդունեինք, ազատության ետևից չէինք վազի, որովհետև հենց ինքներս կլինեինք ազատը՝ արարողն ու արարչության գաղափարի ստեղծողը...

Դու ազա՞տ ես մարդ: Չգիտես...Չես իմանում...Ո՛չ երևի...Այսինքն այո՛...Եթե ասում ես, թե ազատ ես, ուրեմն խաբում ես...Եթե հակառակն ես ասում, ուրեմն տխրությունդ ես պատճառաբանում...Մի խոսքով, անընդհատ խաբողի դերում ես...Երբեք չես ասում այն, ինչ մտածում ես...Չես ասում, որովհետև իսկական մտքերը կարող են շատ արագ հանգրվանին հասցնել քեզ...Իսկ դու, հանգրվանին հասնել չես ուզում...Հանգրվանը նման է վերջի...Իսկ դու պայմանավորել ես քո գոյությունը կյանքով...Միայն և ընդամենը կյանքով...

Աստծուն տափակի տեղ ես դրել, գիտե՞ս...Քեզ թվում է, թե դու ավելի տաղանդավոր ու խենթ ես, քան նա...Որ դու ավելի հեռատես ես քան նա...Նվաստացնում ես Աստծուն, որ չհավատաս ինքդ քե՛զ...Որովհետև հենց հավատաս, դառնում ես այս ամենի միակ պատասխանատուն...Իսկ այսպես լավ է...Այսպես այս ամենի պատասխանատուն դու չես...Աստված է...Ի՜նչ լավ ես գտել...

Մի խոսքով, իսկական պատասխանատուներ չկան...Համենայնդեպս իսկական պատասխանատուն միշտ շոշափելի չէ...Պատասխանատուն կարող է ամեն վայրկյան խուսափել քեզնից ու քո տված հարցերից...ու...այսպիսով, մեղք գործելը կդառնա սովորական՝ ինչպես այսօր...Ու մոլորակը երբեք չի մաքրվի այս ինքնախաբեությունից...Այսինքն...Աստծու գոյությանը վստահելով բոլոր մեր արարքների դրդապատճառները, անկախ մեզանից Աստծու գոյությամբ ենք պայմանավորում ...Այսինքն Աստված որ չլինի, մեղք հասկացողությունը կվերանա...

Ինչևե...Միևնույն է Աստված կա...Ու մենք բոլորս այդպես ենք որոշել...Անհավատներն ընդհանրապես ավելի են հավատում նրա գոյությանը, քան բոլոր հավատացյալներն իրար հետ վերցրած...Անհավատները պարզապես ժխտում են նրա գոյությունը ի տարբերություն հավատացյալների...Իսկ բոլորիդ համար պարզ է...Չեղած բանը ժխտել հնարավոր չէ:

Աստված տաղանդավոր է: Համենայնդեպս նա ում ես ճանաչում եմ, անսահմանափակ հնարավորություններ ունի...Ձեռքից ամեն բան գալիս է...Անում է ամեն ինչ, որպեսզի ես ինձ լավ զգամ...Ու ինչքան լավ եմ զգում, ցանկանում եմ ավելին...Դե՛... Լավից ավելի շուտ է հոգնում մարդը...Դրա համար էլ չի ձգտում դրան...Ձգտում է լավին հասնել վերջում...Կինոյի ավարտին...Մեռնելուց մի քանի վայրկյան առաջ...Որ ավարտը լինի լավ...Իսկ մինչ ավարտը՝ պետք է լինի հետաքրքիր...Իսկ հետաքրքիր լինելու համար, լավը քիչ է...

Մի խոսքով, սիրելի ընթերցող...Մեծ հաճույքով հիմա քո սուրճի բաժակը կկարդայի...Ու քո ապագան որն այնտեղ սև ու սպիտակ գույներով պատկերվել է, կփռվեր իմ աչքերի առաջ... Ես քեզ կասեի տիեզերքի բոլոր ստերը և դու իմ ասածներին անպայման կհավատայիր...Կպատմեի քո՛ մասին, քո անուրջների, քո անելիքների, քո հարազատների ու սերերի մասին և դու ու քո հայացքները կլցվեիք հույսերով...Կասեի, որ շուտով մի մե՜ծ ծրար ես ստանալու...Որ դեմդ երկար ու ձիգ ճանապարհ կա...Որ ինչ որ մեկը քեզ հետևում է ուշադիր, ու պաշտպանում քեզ բոլոր փորձանքներից, որ ձեր տանը նոր երեխա է ծնվելու, որ երեք կետից, դու դրսից մի լուր ես ստանալու և որ ամենակարևորն է, սիրտդ մաքո՜ւր մաքո՜ւր է...Սպիտակ, ինչպես թուղթը և բարի այնքան, ինչքան  քո հորինած սուտը...

Մարդ: Դու ազատ ես և ես սիրում եմ քեզ...Ու չկա մեկը որին չսիրեմ...Ում որ չեմ սիրել, վաղո՜ւց արդեն վտարել եմ  դրախտից...Իսկ դու հիմա մտել ես իմ դրախտը... իսկ ես քեզ այստեղ ոչինչ  չեմ արգելում: Կեր ինչքան ուզում ես...Որ ծառից ուզում ես...Որ ժամին ուզում ես...Միայն թե հետո չասես...Արգելեց... Միայն թե հետո չասես...Չսիրեց...Միայն թե հետո չզղջաս որ մտել ես այստեղ...Միայն թե հետո չկարոտես ինքդ քեզ...

Մարդ...Ինչ լավ է , որ կաս...

Լա՛վ...Ինչ մարդ է, որ կամ...

Կա՛մ, ինչ լավ է որ մարդ...

Ո՛չ մի տարբերություն:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...