Պարզապես մտածում եմ...

Անսովորն էլ սովորական է...


Ամենաշատը ինքս եմ համակերպվում ինձ հետ...Իբր ի՜նչ գյուտ արեցի... Բայց այդ միտքը եթե ժամանակին տխրեցնում էր ինձ, այսօր արդեն ինքնավստահություն է ներշնշում...Համարենք, որ սա գրում եմ բոլոր նրանց համար, ովքեր մի քիչ ավելի շատ են մտածում՝ քան ուրիշները, մի քիչ ավելի խորն են մտածում՝ քան ուրիշները, մի քիչ ավելի վախկոտ են քան ուրիշները ու մի քիչ ավելի անվախ են քան ուրիշները...Մի խոսքով մարդկանց համար, ովքեր մի քիչ տարբեր են քան ուրիշները...

Տարիներ շարունակ երազում էի մենակ ապրել: Չէի համակերպվում ո՛չ մեկի հետ: Երբեմն երբ խոսում էի, ինձ ծակ փիլիսոփա էին անվանում...Այդ ժամանակ ես 7 տարեկան էի երևի...Ու այդ արտահայտությունն ուղղված իմ հասցեին ինձ մինչև սրտիս խորքը վիրավորում էր...Երբեմն նույնիկ լաց էի լինում...Ինքս ինձ կրկնում էի իմ բարձրաձայնած միտքը ու միևնույն է, համոզված էի մնում, որ իմ մտքերը լավն են ու իմ փիլիսոփայությունը ծակ չէ...

Խոսել էի ուզում, այդ օրերին սակայն ծնողներս բաժանման եզրին էին...Հետո եզրից այնկողմ անցան ու իսկապես բաժանվեցին...Քրոջս հետ շատ չէինք խոսում...Այսինքն ի՛նք շատ չէր խոսում: Լուռ էր: Հաստատ ավելի շատ էր ցավում...Սկսեցի խոսակից ման գալ...Ընկերներիս մեջ կար մեկը, որի հետ խոսում էի...Երբեմն էլ այնքան շատ էի խոսում, որ հետո խոսելու բան չէր մնում ու դարձյալ լռություն էր տիրում...Հետո որոշեցի խոսել մի տղայի հետ, որին սիրահարվել էի...Նա լսում էր ու ոչինչ չէր հասկանում: Շփոթվում էր: Խղճում էի... Հետո որոշեցի այլևս չսիրել նրան, որովհետև նա ինձ լսում էր ու ոչինչ չէր հասկանում: Ավելի ուշ մտածեցի խոսել Աստծու հետ...Մի տեսակ մենախոսություն էր ստացվում: Ինքս ասում, ինքս լսում էի...Շոշափելի բանի կարիք ունեի...Չէր ստացվում...Անշոշափելին հոգնեցնում է մարդուն...Մնացի մենակ, ու հասկացա, որ խոսելու կարիք չկա...Երկար տարիներ ոչ մեկի հետ չխոսեցի... Որոշեցի լռել...Խմեցի...Շատ...Մինչև բժիշկն ինքը առաջարկեց խոսել ինձ հետ...Արգելվեց ինձ խմել...Դա ինձ նյարդայնացրել էր շատ ավելի, քան ես կարող էի տանել...Լաց եղա, ու էլ չխմեցի...Սկսեցի ձայնագրել ինքս իմ ձայնը...Հարցեր էի տալիս ձայնագրության մեջ ու կենդանի պատասխաններ ակնկալում ինձանից: Միացնում էի հարցերիս շարանը ու ինքս ինձ պատասխանում...Հիմարություն ստացվեց...Էլի մենախոսության նման մի բան...Ինքս ինձ խափելու ոչ մի ձև չգտա...Վերացրեցի ձայնագրություններս ու ժպտացի իմ միամտության վրա...Պետք էր գտնել մեկին, որի համար խոսքս կլիներ ամենասովորական մի բան...Անսովորի տպավորություն գործել չէի ուզում...Որովհետև անսովոր չեմ եղել երբեք... Երբեմն անսովոր մարդու տեղ են դրել չհասկանալով էությանս պարզությունը...Տխրել եմ...Երբեմն ցանկություն էր առաջանում գոռալով ասելու, որ ես սովորական մարդ եմ...Դեռ ավելի՜ն...Կի՜ն եմ...Իսկ կանայք ընդհանրապես սովորական են լինում...Եփում, թափում, շպարվում, գնումներ անում, երեխա ծնում, մեծացնում, մի խոսքով, անում այն, ինչ միլիոնավոր տարիներ առաջ արել են նույն սեռի ներկայացուցիչները ու շարունակում են նույն բանն անել առանց որևե փոփոխության...Կանանց կյանքում փոփոխություններ չեն լինում...Կանանց կյանքում լինում են հավելումներ...Կինը նշածներիս կողքին հիմա պարզապես  նաև աշխատում է, նաև պաշտոններ վարում, քաղաքական բեմում դերեր ստանձնում...Բայց դա փոփոխություն չէ...Կանայք այդ ամենն անում են միաժամանակ...Եփելով, թափելով, երեխա պահելով, սիրելով, գնումներ կատարեով, և այլն...Կանայք կարող են ամեն ինչ անել միաժամանակ...Իսկ դա փոփոխություն չէ...Մի քանի միլիոն տարվա կանանց անփոփոխ կենսագրությունը մի կողմ դրած, երբեմն մարդիկ ինձ անսովորի տեղ են դնում...Ծիծաղելի է, որովհետև հենց քիչ առաջ շատ համեղ բորշ էի պատրաստել, այնպես՝ ինչպես որևե կին կպատրաստեր իր ամուսնու համար...Մի խոսքով...

Ամուսինները երջանիկ են, երբ կինը սովորական է...Ամուսինները սիրում են իրար նմանվողներին, որպեսզի պահպանեն իրենց ներքին անդորրը...Ամուսինները խաղաղասեր չեն, բայց ամուսնանում  են խաղաղների հետ...Սիրում են նրանց, ովքեր շատ մտածելու առիթ չեն տալիս...Սիրում են նրանց, ովքեր ամեն վայրկյան սովորական են ու դա լավ է...Ես էլ եթե ամուսին լինեի, պիտի ընտրեի մի սովորական կնոջ, որի հետ կիսելու շատ բան չունենայի...Որի հետ պարզապես հանգստացնեի ինքս ինձ ու խոսեի շատ սովորական ու առօրյա խնդիրներից...Ասենք՝ հավկիթի բարձրացող գնից ու հորթի մսի թանկացումից...Կամ օրինակ կինո դերասանուհու հագած բարձրակրունկ կոշիկից կամ էլ ծայրահեղ պարագայում, մի համերգից՝ ուր նա այսօր ներկա է եղել իր ընկերուհիների հետ:

Հրաշալի բան է սովորական լինելը...Հրաշալի բան է խոսելու կարիք չունենալը...Հրաշալի բան է ամբողջ աշխարհի կանանց նմանվելը...Հրաշալի բան է երեխաներ ծնելը...Հրաշալի՜...Սովորական՝ ու հրաշալի...

Երկար տարիներ չխոսելով ու ծանրանալով, սովորեցի երբեմն- երբեմն ստիպել մարդկանց որ ինձ լսեն: Նկատում էի նրանց տարօրինակ հայացքներն ու շարունակում խոսել...Բայց դե էլի խղճում էի ու որոշում այլևս նեղություն չպատճառել...Մտքովս նույնիսկ անցել է լսող մարդ վարձել: Այո՛...Մարդ, որին սրտանց կվճարեի ինչքան ցանկանա...Միայն թե լսի ու խոսքերս չհամարի անսովոր...Մարդ, որը լսի, ու հանգիստ ժպտա...Մարդ, որը լինի այնքա՜ն անսովոր, որ ինձ վերջպես սովորական կնոջ տեղ դնի...

Անսովորներ չկան...

Կան պարզապես ծույլ ու ալարկոտ մարդիկ, ովքեր չեն սիրում ճիգ թափել մեկ ուրիշ բան ուսումնասիրելու ու հասկանալու համար...

Անսովորներ չկան...

Կան պարզապես մարդիկ, ովքեր նման չեն բոլորին...Իսկ դա սովորական է...Սովորական է այնքան, ինչքան սիրամարգի ու ճայի տարբերությունը...Նրանցից մեկը պարզապես թռչել չգիտի...

...և դա ևս սովորական է...

Լավ է սովորական լինելը: Ես արդեն վաղուց այդ մտքի հետ համակերպվել եմ...և իմիջիայլոց, դա էլ է սովորական:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...