Պարզապես մտածում եմ...


Դատարկ օղակ...

Բոլորը սև էին հագել: Ասում են, հարազատները առնվազն մեկ տարի պետք է սև շորերով փաթաթվեն: Բարեկամները գոնե քառասուն օր: Ընկերներն ու հարևանները մեկ շաբաթ. Իսկ հեռավոր ծանոթները թաղման օրն ու հոգեհանգստին, մի խոսքով, այնտեղ՝ որտեղ մարդի՛կ կան, և որտեղ աչքերն ու լեզուները նույն պորտով են միացած իրար: Բամբասանքից վախենում են բոլորը: Անկեղծորեն, սև հագնել չեն սիրում, մանավանդ երբ դա այն սևն է, որ ամեն վայրկյան մահ է հիշեցնում...Սակայն հագնում են ու կողքիններին էլ ոտքից՝ գլուխ զննում:

Հերթով գալիս, ձեռնվում էին, շրջանաձև սև օղակի մեջ առած մեռելի սպիտակ դեմքն ու շպարված վարդագույն այտերը: Այս պահին մեռելը ամենագեղեցիկն է թվում: Այս պահին, հերթի մեջ կանգնածները նմանվում են ապագա մեռելների: Կյանքը դրսում շատ ավելի լուսավոր է թվում, քան ընդհանրապես թվացել է: Ծաղկեպսակներից ծաղկի հոտ չի գալիս: Գույնզգույն գլխիկները նմանվում են նույն մեռած ու շպարված մեռելին, որի կողքով անցնելիս շունչդ հավաքում ես, որ մինչև այդ ճնշող մի քանի մետրից հեռանալդ օդը քեզ հերիքի: Ծաղիկները ամենազզվելին են այս պահին: Ինչքան ուզում ես փորձիր, մթնոլորտը չի գեղեցկանում...Անկյունում մի քանի ընկերներով հավաքվել, անխոս կանգնել են: Յուրաքանչյուրն իր մասին է մտածում...Յորաքանչյուրն իր հարազատին է պատկերացնում հորիզոնական դիրքով ու յուրաքանչյուրն ուզում է վայրկյան առաջ փրկել սեփական կաշին...Մահը, հորանջելու նման փոխանցիկ է թվում...Ծիծաղի չափ վարակիչ:

Անկյունում հավաքված ընկերներից մեկը աչքերը հատակին է հառել ու չի շարժվում: Ուղեղը մտքերով ծանրաբեռնված, այս ամենից փախուստ տալու պատրվակ է փնտրում: Ճարահատյալ հայացքը վերստին բարձրացնում է ու դիտում մի կնոջ, որի ունքերը բավականին բարակ են ու մատիտով նկարված...Ունքերի հենց կենտրոնում մի մեծ մսոտ խալ կա: Հուզված է: Ճակատի կնճիռները կուտակվել են իրար վրա ու տարիքն են հստակ մատնանշում: Աչքերի տակ անբնական սպիտակ կիսալուսիններ են կախված...Շպարի սխալ ընտրություն, որն էլ սև հագուստի ֆոնին ավելի է արտահայտվում: Սև շապիկի օձիկի բացվածքից թեթևակի դուրս է եկել տակից հագած վարդագույն ներքնաշապիկը: Սև գուլպաները ամփոփվել են ավելի սև կոշիկների մեջ, որոնք թվում է, թէ նեղ են: Ինչ որ մեկից մեկ օրով վերցված կոշիկներ են:  Կոշիկի անբնական կաշին պայթում է: Կոշիկի մեջ մատները մեկ մեկ անհանգիստ շարժվում ու ազատություն են որոնում...Թաշկինակը մոտեցնում է քթին, հետո բերանին, հետո աչքերին, էլի քթին... Ու լղոզած արցունքն ու թուքը թաշկինակով փաթաթած պահում է ձեռքերի մեջ: Մեկը մոտենում է կնոջը՝ ձեռնվելով ցավակցելու: Թաշկինակի տեղն անմիջպես փոխվում է: Դնում է ծնկներին: Թաշկինակն ընկնում է հատակին: Կինը կռանում է, որ թաշկինակը վերցնի: Ցավակցող բարեկամը անուշադիր՝ անցնում է թաշկինակի վրայով: Թաշկինակը կպչում է կոշիկին ու գնում իր հետ: Քիչ առաջ նստած կինը աթոռից ուզում է վեր կենալ ու հասնել թաշկինակին...Չի կարողանում, ամաչում ու նստում է կրկին, աչքի մի ծայրով հետևելով իր հեռացող թաշկինակին:
Անկյունում ընկերների հետ կանգնած երիտասարդի ուսերը դողում են: Հայացքն ավելի է պրկվում: Պահի լրջությունը կորցրել է իր ծանրությունը: Ծիծաղը զսպելու փորձը ապարդյուն է: Ամոթից չգիտի որ կողմ նայի, ու ինչ անի...Ընկերները նույնպես ժպտում են: Նրանք ոչինչ չեն տեսել բացի իրենց ընկերոջ զսպված ծիծաղից: Նրանց աչքերի մեջ փայլ կա: Բոլորն սկսում են թաքուն իրար նայել : Ափերով փորձում են փակել դեմքերը: Մեկն սկսում է շարժվել աջ ու ձախ, մյուսն ասում է ամոթ է ու աչքից ծիծաղի արցունք է կաթում...Երրորդը՝ նույնիսկ խնդալու կցկտուր ու կաշկանդված ձայներ է արձակում...Մարդիկ նկատում են: Ժպտալու մեծ ցանկություն կա օդում: Անիմաստ ժպտում են մի քանիսը, նայելով երիտասարդներին: Ծիծաղելու ոչ մի պատճառ չկա: Դա ավելի է սրում անտեղի ժպտացողների միասնականությունը: Երիտասարդը դանդաղ քայլերով, հնարավորինս զուսպ, սրահից դուրս է գալիս: Շատ չանցած նրան են հետևում ընկերները, հետո նաև անծանոթներ: Դրսում, բոլորը մի դատարկ օղակ են կազմում ու հավաքվում են իրար գլխի: Ազատ խնդում են: Պատճառ չկա: Դա շատ ավելի ծիծաղալի է: Առանց պատճառի ծիծաղը բոլորինն է: Բոլորի ծիծաղը նման է: Բոլորի հայացքները նման են: Բոլորի սև շորերը անիմաստ են թվում: Բոլորն իրար հասկանում ու սիրում են: Բոլորն իրար ընկերանում են այս մի քանի վայրկյաններում: Բոլորը վերագտնում են իրենց իսկական գույնը: Սևը թափվում է մայթերին: Մարդիկ այս պահին շատ բարի են: Մարդիկ հիմա բույր ու համ ունեն: Մարդիկ հիմա ուզում են ծխել: Վառում են սիգարետները ու բերաններից արձակում են մահը, որն օղակաձև թեթևությամբ անէանում է մթնոլորտում: 
Ո՛չ ոք այդ պահին երկնքին չի նայում:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...