Պարզապես մտածում եմ...


 Զզվելի բան...

 Զզվելի բան է պոետ լինելը: Առավել ևս կին պոետ լինելը: Առավել ևս հայ կին պոետ լինելը: Ուրեմն զզվելի է ընդհանրապես գիտակցելը, որ ծուղակում ես: Ծուղակի մեջից հայացքդ բարձրացնում ես դեպի կապույտ երկինքը, ու կապույտ երկնքում սկսում ես քեզ որոնել: Չես գտնում: Ո՞ւր ես: Ախր էդքան սիրել ես կապույտ երկինքը: Բա ինչո՞ւ այնտեղ չես: Զարմանալի է: Ոչ ոք չի արգելել քո կեցությունը այնտեղ: Ո՛չ ոք չի նստել քո տեղը: Այնտեղ, որտեղ դու պիտի լինեիր, դատարկություն է: Իսկ ծուղակում, մարմինդ ու հոգիդ կծկվում են, տեղդ նեղ է, շունչդ չի հերիքում: Ճաշը եռում է կրակի վրա, իսկ դու մոռանում ես տակն անջատել ու եռման հավի արգանակը թափվում է գազօճախին: Էլի ինչ որ թերություն ես հայտնաբերում քո մեջ: Չստացվեց: Մեղավոր ես: Ախր կինը պիտի զգա արգանակի ջերմաստիճանը, ինչպես ամուսնու ջերմաստիճանը, ինչպես ազգի ջերմաստիճանը, ինչպես երեխու ջերմաստիճանը...Ու պիտի հասնի եռացողի տակն անջատել ճիշտ ժամանակին...Այլապես անկատար լինելու տխուր իրականությունը կտարածվի կապույտ երկնքում, ու երկնքից վառված արգանակի հոտ կգա:

Ինչևե...Քեզ ծուղակից դուրս բերող բոլոր ձեռքերը զբաղված: Նրանք բոլորն էլ պոետներ չեն...Պոետին չի կարող փրկության հասնել պոետը: Պոետները բոլորը ծուղակներում են գտնվում: Ծուղակի չափերն էլ նախապես ուսումնասիրված ու պատվիրված են ըստ քո բնական չափի կեսի: Տեղ չես անում: Ուզում ես դուրս գալ: Ծիծաղում են: Երեսովդ են տալիս: Ասում են «բա դու ես ընտրել...քաշի՜»...Իսկ դու շփոթված աջ ու ձախ ես նայում, որպեսզի մի անգամ ևս հավատաս, որ գոնե ինչ որ մեկը քեզ օգնության կհասնի...Որ բնությունը հրաշքներ գործելու փոխարեն, անիմաստ բաների վրա չի վատնում իր ժամանակը, որ դու մենակ չես, այնքան ինչքան մենակ ես քեզ զգում, որ դու սիրված ես ու սպասված այնքան, ինչքան սիրող կնոջ կողմից սպասված տան տղամարդը, որ դու ինքդ էլ քո կտավն էիր ստեղծում կապույտ երկնքի տակ հայտնված ծուղակների մասին, որ դու ինքդ էլ հավի արգանակը սիրում ես ուտել ճիշտ ջերմաստիճանով, որ դու ինքդ էլ կապույտ երկնքում ուզում ես քո տեղն զբաղեցնել:

Շարժվում ես, ծուղակդ քո պոչից կպած քարշ տալով...Այլ ձև չկա...Պիտի շարժվես...
Համարիր, որ ծուղակդ քո ստվերն է: Համարիր, որ առանց ստվերի, լույսի տեղը հնարավոր չէ որոշել...Համարիր, որ դու լույսի աղբյուրի վայրն ես փոխում քայլելով...
Բոլորը լույսն են ման գալիս: Բոլորը նայում են լույսի հակառակ ուղղությամբ՝ մեջքով դեպի քեզ...Ու տաքանում են: Ճակատների փոխարեն հետույքներն են ջերմացնում ու լույսից օգտվում են առանց լույսին ուղիղ նայելու:

Միայն դո՛ւ ես ուզում լույսին ուղիղ նայել:
Միայն դու դա անել չես կարող...
...Ու Հայացքդ պարզած կապույտ երկնքին, շարունակում ես մրսել...

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...