Պարզապես մտածում եմ...


                                        Մի ժպտա...

Գրասենյակում լռություն է: Աշխատանքային ժամ է: Աշխատում են բոլորը ու ծանր լռություն է տիրում: Թվում է, թե յուրաքանչյուրն իր կյանքի ամենալուրջ նպատակն է հետապնդում: Չես հասկանում, տխո՞ւր են, թե ժպտալու ժամանակն է քիչ: Տնօրենը ներսում է: Նա նույնպես ժպտալու կողմնակից չէ: Ակնոցների ետևից հետևում է քո բերանի շարժումներին, գլուխը դրականորեն շարժում է հնարավորինս ցույց չտալով գոհունակությունը: Գոհունակություն ցույց տալը թուլություն է: Ժպտալը նույնպես: Լուրջ մարդիկ պետք է տխուր լինեն: Լուրջ մարդիկ պետք է թաքցնեն իրենց բոլոր մարդկային հատկանիշները: Լուրջ մարդիկ անլուրջ կթվան եթե հանկարծ ժպիտը հաղթի: Աշխատավարձ են ստանում լուրջերը: Ավելի բարձր աշխատավարձ են ստանում չժպտացողները: Ժպիտը հակասում է ծանրակշիռներին: Ժպտալ կարելի է աշխատանքից հետո միայն: ժպտացող աշխատողներին աշխատանքից ավելի շուտ են հեռացնում: ժպիտին կարող է հետևել ծիծաղը, հետո մարդկային մի սովորական երկխոսություն կարող է բացվել, հետո կարող են ծիծաղողները հանկարծ հասկանալ իրար: Կարող են նմանվել: Կարող են նույնանալ: Աշխատանքի ընթացքում մարդ լինելն արգելված է: Մարդը աշխատելու ընդունակ չէ: Մարդը սիրում է ապրել:

Աշխատում են նրանք, ովքեր կարող են զսպել մարդկային հակումները: Աշխարհն ավելի անմարդկային է դառնում երբ չեն ժպտում տնօրենները: Երբ չեն ժպտում տնօրենները, բարձր պաշտոններ են ստանում: Բարձր պաշտոնների են արժանանում տմարդները, որոնք ժամանակին, մանկապարտեզում իրենց դասընկերուհու պայուսակից նույնքան լուրջ դեմքով հացի մեջ փաթաթած տաք շոկոլադ են գողացել:

Դասընկերուհին ժպտացել ու ներել է մտքում: Գողը լուրջ դեմքով շարունակել է քողարկել իր ներսի մարդը: Բոլորը հավատացել են նրան: Բոլորը նրա մոտ են աշխատում այսօր: 

Ո՜ւֆֆֆ...Չեմ կարողանում ծիծաղս  զսպեեեեեեե՜լ:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն