Poetry/ Բանաստեղծություն

«Քամիներից այնկողմ» գրքից

ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻ ԴՈՓԱՊԱՐԸ

Աչքերի մեջ՝ հուր,
հոգու մեջ՝ կրակ,
լո՞ւրջ է, թե՞ կատակ...

Աջ ծունկը դրեց ձախ ուսի վրա:
Հո՜պպ...Թագավորը թող ապրած կենա...
Օդում պտտվեց քսանմե՛կ անգամ...
Ամե՛ն անգամը դա՛ր էր՝ հարյո՛ւր ամ...
Ծա՛փ տուր, թագավո՛ր,
որ գնամ, ե՛տ գամ...

Աչքերի մեջ՝ հուր,
հոգու մեջ՝ կրակ...
Գունավոր գնդակ:
Մի ոտքի վրա ցատկեց ու...չընկա՛վ:
Արքան հռհռա՜ց, արքան հիացա՜վ,
ծաղրածուների փոքրիկ քանակին,
փոքրիկ դղյակում թի՜վ ավելացավ...

Ամպը սևացավ...
Թագի տակ պահված ճաղատ գլուխը
խեղճ թագավորի՝ հո՜պպպ...Պայծառացա՜վ...
Սև ամպերի դեմ կռվե՛լ խոստացավ.
- Բանա՛կ ուղարկել պատերազմի դաշտ,
թող կռվեն խաղաղ, նահատակվեն հաշտ:
Հայտարարում եմ կամավոր երաշտ:

Աչքերի մեջ հո՜ւր...
Հոգու մեջ կրա՜կ...
Ծաղրածուն հանկարծ օդի մեջ ցատկեց,
գոչեց. - Անառա՛կ...

Արքան ականջը տվեց աղմուկին...
...Ոչ հեքիաթ է սա և ոչ էլ առակ.
- Գլխատե՛ք նրան,- բղավեց,- Արա՜գ:

Գունավոր գնդակ...
Օդի մեջ ցատկեց մի փոքրիկ դիակ...
Լո՞ւրջ է, թե՞...Կատակ...

Ծաղրածուների մի ո՜ղջ երամակ...
Ոչ ռումբ, ոչ նռնակ,
ոչ զենք, ոչ կապար՝ 
ծաղրածուների մի խենթ դոփապար...
Աչքերի մեջ՝ հո՛ւր,
հոգու մեջ՝ կրա՛կ,
գունավոր գնդա՛կ...

Նրանք դոփո՛ւմ են գնդակի վրա...
Դո՜փփփ...Թագավորը խաղա՛ղ թող կենա:


2001 թ.









Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն