Short Story/ Պատմվածք

Ականջդ մոտեցրու...


-         Ականջդ մոտեցրո՛ւ...Լսի՜ր...Լսո՞ւմ ես ալիքների ձայնը,- նա գրկեց ամուսնուն ու ականջի մեջ սկսեց - շ՜շշ...օո՜ւշշշ...ֆո՜ւշշշշ,-  եվ այլ ջրի նմանվող ձայներ շշնջալ…
      Ամուսնու ուսերը ցնցվում էին հազիվ զսպվող ծիծաղից:
-         Հը՜... Ինչո՞ւ ես ծիծաղում... Լսի՜ր... Ֆո՜ւշշշ... Շ՜շշշ... Օո՜ւֆշշշ...
-         Լավ, հիմա դո՛ւ մոտեցիր,- Գոռը ոգևորված  Մանեին ավելի ամուր սեղմեց իր կրծքին ու շուրթերը մոտեցրեց նրա ականջին.- Վո՜ւ...Ո՜ւո՜ւ...Հո՜ւ...
Մանեն ծիծաղից փռթկաց. - իսկ ի՞նչ էր սա...Հա՞...Սա բացառձակ նման չեր ծովի ալիքների ձայնին, իսկ մենք հիմա ծովափո՜ւմ ենք Խաղա՜ղ, անծայրածիր կապույտ է ու ալիքներն այնքա՜ն հանգիստ են փարվում ափին...
-         Հիմարի՛կ, սա արդեն ալիքների ձայնը չէ...Լսիր։ Վո՜ւ...Ո՜ւո՜ւ...Հյո՜ւ...- շարունակում էր կնոջ ականջին քամու տպավորություն թողնել Գոռը:
-         Վա՜յ...Դու ճիշտ ես Գո՜ռ...Շարունակի՜ր... Ինչ սքանչելի՜ է... Գո՛ռ, իսկ դու զգո՞ւմ ես ավազի ջերմությունը...Մեջքս մի տեսակ թուլանո՜ւմ, հանգստանում է... Հրաշալի է, չէ՞...Զգո՞ւմ ես...
-         Իհարկե զգում եմ... Ես վաղո՜ւց երազում էի հայտնվել ոսկեհատիկ այս ավազների վրա...Հրա՜շք է բնությունը...Լսում ես, չէ՞...Ինչ խաղաղություն է՜... ինչպիսի՜ անդորր...
-         Ըհը՜... Լսում եմ... Լռությունն իրոք անսահմանի խորհուրդն ունի, չէ՞ Գոռ։ Գո՜ռ... Նայիր աստղերին... Կարո՞ղ ես հաշվել...Նրանք ընդամենը երկուսն են այսօր...
-         Երկո՜ւս...Երե՜ք,- Գոռն իր մատը տեղափոխում էր երկնքի մի կետից մյուսը, Մանեին ավելի ու ավելի շատ աստղեր ցույց տալով...- Հի՜նգ...Յո՜թ...Ո՜ւթ...
-         Լա՛վ...Արի աստղերին հանգիստ թողնենք...Միևնույն է չենք կարող հաշվել...Հիմա սա՛ լսիր, ականջդ մոտեցրո՜ւ.-Կուա՜աա...Չիա՜ու...Չուա՜ա...
Գոռն անմիջապես ծիծաղելով ցատկեց տեղից ու ականջը մի կերպ ազատելով՝ զարմացած հարցրեց.- Իսկ սա՞ ինչի ձայն էր...Այլմոլորակային ափսեի՞...Ականջս ամբողջովին թրջեցիր, փսլնքո՛տ...

Մանեն անզուսպ ծիծաղում էր ու ամուսնուն պինդ գրկած շարունակում  նրա ականջի մեջ նույն տարօրինակ ձայները արտաբերել.- Կուա՜...Չիա՜ու...Կուա՜ակ......Ախր ճայե՜րն են, Գոռ, չե՞ս հասկանում...Ճա՜- յե՜- րը՜...
-         Քո ճայերն ինձ վրա բավական թանկ նստեցին...Ականջս ամբողջությամբ թքով լցվեց...Թո՜ւ...- դեմքը չարաճճիորեն ծամածռում էր Գոռը...- Փսլնքո՛տ...
-         Փսլնքոտ ասացիր, հիշեցի...Սուրճ կխմե՞ս...
-         Ըհը՜...Հաճույքով...Խմենք...Հրաշալի գիշեր է, չէ՞...Բաց երկնքի տակ ծովափին պառկել ու քնել մի ամբողջ գիշեր...Որքա՜ն քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար... Ես երջանի՜կ եմ...
-         Հիմա կբերեմ սուրճը: Մանեն իջավ աստիճաններից, մտավ իրենց փոքրիկ բնակարանը, որը շենքի ամենավերջին հարկում էր, պատրաստեց սուրճն ու բաժակները լցնելով, արագ բարձրացավ տանիք, որտեղ Գոռը դեռ պառկած էր տանիքի թիթեղների վրա:
-         Սուրճը պատրաստ է: Խնդրե՛մ սիրելիս... Մեջքդ չսառե՞ց...վե՛ր կաց...
-         Սառեց...- լսվեց Գոռի ձայնը:

Նրանք երկուսով նստեցին տանիքի թիթեղների եզրին ու լուռ, ըմպեցին բուրումնավետ սուրճը...
-         Իջնե՛նք... Արդեն ուշ է, - շշնջաց Մանեն:
-         Իջնենք,- տխրեց Գոռը, գրկեց Մանեի ուսերն ու ժպտաց:

Նրանք երկուսով դանդաղ իջան տանիքից, մտան բնակարան, Մանեն սկսեց լվալ սուրճի բաժակները, իսկ Գոռը նստեց հնամաշ բազկաթոռին ու հայացքը ուղղեց պատուհանից դուրս՝  երկնքին, որտեղ ընդամենը երկու աստղ կար

Հուլիս 21, 2011 թ. - Երեվան



Comments

Avedis D said…
Սիրոյ զգացումները դիպուկ պատկերներով արտայայտուած, բնութեան անսահման մերձեցումով: Յեղաշրջում մըն է բնութեան կողմէ, զորս կ'արտացոլուի մարդու պարզ եւ անկաշկանդ էութեան մէջ: Բնութեան կողմէ ժայթկող ձայները, մէյ մէկ դրուագներ են մարդ էակի կեանքի էջերու: Եւ իւրականչիւր մարդ մի աստղ մըն է երկնքի մէջ, որ միշտ կը ձգտի զայն փայփաել ու մեծացնել եւ դարձնել բիւր: 2 աստղ կայ երկնքի մէջ, որոնք անդադար սէր տալով միմիանց կը փայլին եւ կը բազմանան: Նուշիկ ջան, թող քո աստղը միշտ փայլուն լինի տալով գոհարներ հայ գրականութեան համար: Ապրիս:
Շնորհակալ եմ Ավետիս: Ուրախ եմ, որ կարդում ես, եվ ամենայն բարիք եմ մաղթում:Ամեն օր նորություն կլինի էս էջում, այնպես որ, ուրախ կլինեմ եթե նորից այցելես ու նաեվ տեղյակ պահես այն ընկերներիդ, ովքեր դեռ չեն մոռացել գրականության մասին:

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...