Reviews/ Գրախոսություն

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #134, 16-07-2003




ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԹՌԻՉՔԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Եվ, որովհետեւ նրանց ջղերն ավելի զգայուն են, մտքի կառուցվածքն էլ սովորականից տարբեր, իրենց տրված բառը (ինֆորմացիան) գեղարվեստական պատկերի է վերածվում։ Պատկերի, որի կեղեւի տակ տրոփում է հավերժի անհանգստությունը եւ անորոշությունը մարդկային տկար գոյության։ Այնկողմնային ձայների մշուշոտ արձագանքների քողարկված տագնապ կա Նուշիկ Միքայելյանի բանաստեղծությունների նոր ժողովածուում, որտեղ ջահելության տարերքը խառնված է մտքի ու զգացմունքի տարափին, չասենք, թե հանգրվանային ափեր է փնտրում, բայց ելքերՙ այո։ Կարծես կրկին անցնում է մի անցած ճանապարհՙ հիշողության շատ աղոտ անդրադարձներով։
Քայլում եմ սանձված մի ձիու նման, /ու կառապանն իմ... ունայնությունն է. /Ճապկըտում եմ ես այն ծանրակշիռ /օրենքների տակ /Որոնք քայլերն իմ մամլում են հողինՙ /Անհասկանալի ու ճալ դարձնելով /Իմ հազար անգամ երազած ուղին։
Բանաստեղծելու շնորհը տրված է Նուշիկ Միքայելյանին, ինքը բանաստեղծության մեջ իմաստավորում, քննում է աշխարհի իր ապրած մասը... «Քամիներից այն կողմ» ժողովածուի բանաստեղծական խորհուրդն ազնիվ հունդ ունի իր մեջ եւ պատահական չէ, որ գրքի մաղթանքի խոսքը պատկանում է մեծանուն աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադյանին եւ գրքի ու ձայներիզի շնորհանդեսին (Խնկո Ապոր գրադարանում) ելույթի խոսքն առաջինը տրվեց նրան։ «Նուշիկը ծնվել է բանաստեղծ։ Նրա աշխարհը, տիեզերքը հոգու խռովքն էՙ ազատ, անկաշկանդ, բայց ամբողջն արվեստի չափանիշներով։
Այս ամենը տարերք է եւ, ինչպես ամեն տարերք, ենթակա չէ օրինաչափման, կանխատեսման։ Մտքի, սրտի, հոգու արտահայտությունն արտաքին հանգամանքների հետ կապ չունի։ Այսօր հաղորդակից ենք լինում Նուշիկ-տարերքին։...Չեմ վախենում հրաժարվել կանխատեսումներից։ Ես ինձ պատրաստել եմ դղրդալից ապագայի համար։ Տա Աստված, որ տեսնեմ այդ դղրդոցը»։
Բանաստեղծության արժեւորման փաստն ակներեւ էր։ Գրիգոր Գուրզադյանից հետո երիտասարդ բանաստեղծուհու մասին խոսեց արձակագիր, թարգմանիչ Կարպիս Սուրենյանը։ Վերհիշեց ամերիկացի գրող Ռեքս Սքաութի դետեկտիվ վեպից մի դրվագ, ուր պատմվում է ԱՄՆ-ի Մոնտանա փոքրիկ քաղաքում մի հայի հիմնած մշակույթի տան պատին որտեղից որտեղ հայտնված Սթիվըն (Ստեփանոս) Օրբելյանիՙ մի ամբողջ փիլիսոփայություն եւ ճշմարտություն կրող պարզ խոսքը. «Ես սիրում եմ այս երկիրը, որովհետեւ իմն է»։ «Սա է մեր երկիրը։ Ծնվել եմ Աթենքում, բայց իմ երկիրը սա է։ Ով ունի այս զգացումը, գալիս է, սիրում է, որովհետեւ իրենն է։ Նուշիկը թողեց Հալեպը։ Եվ աշխարհը, տիեզերքը, կյանքի նրբությունները այս երկրի սիրո միջոցով է տեսնում։
Նուշիկը բանաստեղծության ոսկին է։ Ամեն պատկեր բանաստեղծություն է, ամեն բառ բանաստեղծություն է, եւ ոչ մի ավելորդ բառ։ Մոդեռնիզմ անող եւ դրանով զարմացնել փորձող շատ բանաստեղծների մեջ նա առանձնանում է։ Խորհում է, զգում է, փիլիսոփայում է, որովհետեւ ծնյալ բանաստեղծ է, ոսկե մշուշային երանգները մերթ հստակվում, մերթ խառնվում են։ Մեծ ապագա ունեցող բանաստեղծ է»։
Օրվա մթնոլորտին ներդաշն տրամադրություն էր հաղորդում Նուշիկ Միքայելյանի բանաստեղծությունների ընթերցումը Լալա Մնացականյանի եւ Սարգիս Նաջարյանի հրաշալի մեկնաբանությամբ, ինչպես եւ Ավետիս ու Արման Բերբերյանների երաժշտության ձայներիզային կոմպոզիցիոն հնչմամբ։
Գրականագետ Հենրիկ Բախչինյանը վերջին տարիների «մեր գրականության գորշության եւ միջակության ֆոնինՙ ապտակ» համարեց Նուշիկ Միքայելյանի բանաստեղծական արարումը։ «Գալիս է մի բանաստեղծ տղամարդկային կորովով լեցուն, որպես ապտակ քաղքենիացող, միջակացող մեր միջավայրին եւ ասում է նոր խոսք, եւ էությամբ արվեստագետ ու արտիստ է»։
Այս շռայլ արձագանքներին հետեւեց դահլիճը նվաճած բանաստեղծուհու զուսպ խոսքը. «Շնորհակալ եմ ինձ ավելի պատասխանատվության տակ դնող գնահատականների համար։ Այս մարդկանց համար, որ վաղուց վավերական արժեքներ են եւ չզլացան իրենց խոսքն ասելու նոր ճանապարհ հարթող մի բանաստեղծի համար։ Շնորհակալ եմ Գրիգոր Գուրզադյանից, որ իր այնքան թանկ ժամանակից ինձ նվիրեց, շատ բախտավոր եմ, որ նա իմ կողքին է։ Կարպիս Սուրենյանին. մեր յուրաքանչյուր հանդիպումից հետո ինձ փոխանցված դրական լիցքը հեռու է պահել Սեւակի ասած միջանցիկ քամիներից»։
Ու թող շարունակությունն էլ այդպես լինի։

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...