Reviews/ Գրախոսություն

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #201, 31-10-2008

Մշակույթ

«ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ԱՅՍՔԱՆԸ»
Աշխարհն ու մարդու եսը. հավերժական հանգույցներ. անձնական կողմնորոշումները ընդունված կարծրատիպերին, նոր ընկալումները եղած ավանդույթներին` ընդդեմ կամ ընդառաջ, անհատի բախումը` ստեղծագործության ճանապարհին: Նուշիկ Միքայելյանի բանաստեղծական նոր` «Ավելին, քան այսքանը» ժողովածուն հիմնականում այս մասին է` «Ինձ ստիպեցին չափսերս փոխել/ Եվ տեղավորվել... ասենք թե/ փոքրիկ լուցկու տուփի մեջ...» , գրում է նա: Ժողովածուն բացող այս միտքը հաջորդ բանաստեղծություններում զարգանում ու տիրապետող է դառնում: Փակ տուփը միջավայրի գորշության, կյանքի դատարկության բանաստեղծական վիճակի արտահայտություն է: Դատարկության «մեծացող սահմաններում» բանաստեղծությունները նոր բովանդակություն են ստանում. կյանքի մի ժամանակահատվածի (2004-2008) հանդեպ տարբեր վերաբերմունքներով, իր փնտրտուքների ճանապարհին ունեցած ապրումների, բանաստեղծական տրամադրությունների:
Արտաքին եւ ներքին իրականությունների բախում
«Ես իմ սպանված երազը կառնեմ քայլող ուսերիս/ Ու կնվիրեմ իմ բաց աչքերին» : Փորձությունների դաշտում բանաստեղծուհին մերժում է արտաքին պարտադրանքները, կաղապարի դեմ իր ընդվզումը բացահայտելով` «Մի տեղադրեք իմ անսահմանը ձեր կաթսայի մեջ» :
Իր նախորդ ժողովածուներից մեկում բանաստեղծական պատկերները` հարուստ լեզվով, միանգամայն այլ տրամադրությունների արձագանքներ էին` առ հայրենիքը, մարդը, կյանքը` լուսառատ ու լավատեսական մթնոլորտով: Ներկա ժողովածուում բանաստեղծական պատկերաձեւերն ու արտահայտչամիջոցները ներդաշնակվել են ներկա օրերի միջավայրային տրամադրություններին, մարդկային հարաբերությունների որակին` ավելի առտնին, ավելի կյանքային դարձել. «Մարդ.../ Գահավիժել ես երկնքից/ Եվ կարոտում ես հիմա թռիչքներդ»/ : Ահավասիկ «Կյանքն է» բանաստեղծությունը, կամ «Հերթը իմն էր...» ապրած օրերի շղթայում մարդու գոյության արժեւորումը (հոգեւոր առումով)` սիզիփոսյան աշխատանքի հարատեւ այժմեականությամբ: Մարդու կերպարի աղճատումները, նրա հեռացումը իր նախասկզբից, երկփեղկվածությունը` ստորին եւ վերին հարթությունների միջեւ. զգայական-բնազդայինը եւ հոգեւոր-մտածողականը. «Նրանք այլեւս քեզ չեն փնտրում, Տե՜ր.../ Նրանք կշտացել են երկնից,/ Կշտացել են հողից,/ Կշտացել են ծաղիկներից, ջրից, մեղրի՜ց անգամ/ ...Եվ.. ասֆա՜լտ են ուզում.../ Ասֆա՛լտ ու պա՛տ.../ : Եվ ահա կյանքի լավագույն հնարավորությունը, ընծան, ընտրությունը` լեռան եւ բլրի արանքում: («Ընտրություն»):
Կյանքային առօրյան թիզ առ թիզ նվաճում է ներաշխարհի բանաստեղծական տարածքը, վրա է գալիս հոգնածությունը` կպչուն ձանձրույթը, կյանքի պրոզան ասեղի պես ցցված երազի մաքուր ճանապարհին («Առանց ներշնչանքի»):
Բանաստեղծական ընդվզումները անձնականի սահմանները հատում-տարածվում են. աշխարհը կանգնած է նոր աղետների շեմին` սեփական ազգանունը` գլոբալիզացիայի ճանապարհին, օտար հայրենիքում` անհայրենիք հայը եւ առանց երգի երկիրը. երկու տագնապ` մարդկային ու ազգային. «Երկի՜ր... առանց երգի/ Խոնարհի՛ր աչքերդ/ Եվ գլխարկդ ցած դիր:/ Քանզի զավակներդ/ Սպանել են իրենց ատրուշանի առջեւ...ե՛րգդ.../ Ու պատանք են դարձրել զոհված երգիդ համար.../ Դրո՛շը քո» :
Հույսը չի մեռնում, ահա եւ սպասված ավետիսը. բայց ի՜նչ ավետիս. «Ավետի՛ս, Ավետի՛ս, Ավետի՛ս.../ Անկախ ենք ինչպես մեռել,/ Եվ կախված ենք կախաղանից այն լուսաբացի,/ Որի արեւը մինչեւ ծագի,/ Պարանը հազար վիզ կձգի...» :
Ժողովածուի բանաստեղծական տրամադրությունները ներդաշնակորեն լրացվում են հեղինակային գծանկարներով: Գրքի ճաշակավոր տպագրությունն իրականացրել է «Փրինթինֆո» տպագրատունը:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...