Short Story/ Պատմվածք

Վիժում...

Քայլում էր հայտնի փողոցով եվ քայլերը հերոսական էին ու անվախ...ոչնչից չվախեցողի ամրություն ու ինքնավստահություն էր հաղորդում նույն փողոցով անցնողներին ու ինքն իր ներսում խոսում էր Քրիստոսի հետ:

 Գալյան տասնութ տարեկան էր: Շատ էր սիրում հագած կարմիր զգեստը, որն իր փայլող, սեվ ու ուղիղ մազերն ավելի էր գեղեցկացնում, ընդգծելով ձյան նման մաքուր ու սպիտակ մաշկը, որի վրա խոնարհված աչքերին վարպետորեն քսված սեվ երիզը արտահայտում էր նուրբ ու միաժամանակ ըմբոստ մի կանացիություն, որի կողքով ո՛չ ոք անտարբեր անցնել չէր կարող:

Խոսում էր ու ներողություն հայցում...Հավատում էր Աստծո գոյությանն ու աղերսանքի իր ներքին մենախոսությունը չէր խեղճացնում  դիմագծերը:

Սիրում էր Ալեքին իր կյանքից ավելի: Սիրում էր նրա ձեռքերը, սիրտը, անունը, ժպիտն ու բարկոթյունը, սիրում էր նրա մանկությունն ու այսօրվա տարիքը...Սիրում էր նրա տարեդարձները, հայացքը, նրա վերարկուն ու ծիծաղը: Առանց նրա՝ Գալյան ոչինչ էր...Ապրելն անիմաստ էր ու կյանքը դատարկ: Առանց Ալեքի, Գալյայի օրերը կլինեին անգույն, անձեվ ու անբնական...Օրն սկսում ու ավարտվում էր Ալեքով, եթե անգամ նրան հանդիպելու բախտ չէր վիճակվում: Միակ ձայնն էր, որի զանգին Գալյան անհամբեր սպասում էր, միակ էակն էր, որի սխալներն անմիջապես ներվում էին, իսկ թուլությունները համարվում յուրահատկություններ: Ալեքի ամեն խոսքը Գալյայի համար օրենք ու սրբություն էր...անժխտելի սրբություն:

Քայլելիս՝ չնկատեց, որ արդեն հասել ու կանգ է առել հսկա փայտե դռան առջեվ:
Շենքի ներսում ամեն բան մոխրագույն էր: Նրա հագած կարմիրը, մարդիկ, երեխաներ, կանայք, առաստաղը, նույնիսկ առաստաղից կախված բյուրեղապակյա ահռելի ջահը, որը մի տեսակ մոխրագույն լույս էր սփռում:

Փորձելով չկորցնել իր քիչ առաջվա հանդուգն ու հաստատուն կեցվածքը, Գալյան սկսեց բարձրանալ մարմարե մոխրագույն աստիճաններով...նախ երկրորդ, ապա երրորդ հարկ, ուր նա կանգ առավ մի երկար, երկար միջանցքի առաջ՝ որի մեկ ծայրից մինչեվ մյուսը շարվել էին կանայք, տղամարդիկ, համբուրվող զույգեր, մտահոգներ, տարիքոտներ ու երիտասարդներ, եվ բոլորն ասես ինչ որ կարեվոր բանի էին սպասում:

Գալյան կանգնեց շարքի ամենավերջում ու նայեց պատից կախված շրջանաձեվ ժամացույցին:
Շատ չանցած, միջանցքի վերջում մի դուռ բացվեց ու Գալյան ոմանց նման հենվեց իր ոտքի մատնածայրերին, վիզը աջ ու ձախ երկարեց, սակայն ոչինչ չկարողացավ տեսնել: Երկար շարքը նկատելիորեն կրճատվեց մի քանի հոգով, ապա կարճահասակ, խիստ դիմագծերով տարիքոտ մի տիկին հանկարծակի հայտնվեց Գալյայի կողքին ու խնդրեց հետեվել իրեն:

Գալյան անձայն քայլեց տիկնոջ ետեվից ու նրանք միասին առաջացան մինչեվ քիչ առաջ բացված դուռը: Կարճահասակ, մոխրագույն խալաթով տիկինը մի պահ մտավ ներս, ապա վայրկյան չանցած էլի հայտնվեց ու գլխի շարժումով Գալյային հասկացրեց էլի իրեն հետեվել: Այս անգամ Գալյան քայլում էր աչքերը խոնարհած, թաքնվելու համար այդ երկար շարքում սպասողների զննող հայացքներից: Բոլորի հակառակ ուղղությամբ քայլելիս նա անբացատրելի մենակություն զգաց: Մի քանի անգամ հայացքը թեթեվակի բարձրացրեց ու նայեց համբուրվող զույգերին, որոնք այս շենքի մռայլ ու ծանր մթնոլորտում մի տեսակ ջերմություն էին տարածում...

Քրիստոսի հետ իր մենախոսությունը երկար չէր տեվել: Գալյան հավատում էր, որ Աստված շատախոսներին չի սիրում եվ ըստ այդ, նա խոսում էր կարճ ու ընտրված բառերով, որպեսզի կարողանա իր միտքն ամբողջությամբ փոխանցել Ասծուն, առանց որեվե նրբություն բաց թողնելու:

Քրիստոսը ներել էր նրան: Նույնիսկ շոյել էր իր գլուխը, իսկ այդ պահին Գալյայի տխուր աչքերը մի ակնթարթ ջրոտվել էին:

Կարճահասակ տիկինը վերջապես թեքվեց երկար միջանցքի անկյունից ու մոտենալով մի սենյակի, որի դռան առաջ ոչ ոք հերթի չէր կանգնել, բացեց դուռն ու իր ետեվից Գալյային էլ հրավիրեց ներս:

Սենակում բոլորն զբաղված էին: Ոչ ոք չէր նկատում Գալյային: Բոլորի դեմքին անբարյացակամ լրջություն կար: Կարճահասակ տիկինը ամեն մեկին առանձին- առանձին մոտենալով ստուգում էր յուրաքանչյուրի աշխատանքը: Գալյան ուշադիր հետեվում էր, երբ մի նիհարակազմ օրիորդ, մոխրագույն ու երկար հյուսերին մոխրագույն ժապավեններ կապած մոտեցավ ու մի ճմրթած կտորի կույտ Գալյային երկարելով խնդրեց հագնել:

Անթեվ, անօձիք ու անկոճակ այդ կտորը Գալյան մի կերպ անցկացրեց իր մարմնին, հագած կարմիր զգեստը տակից հանեց ու անշարժացավ: Գալյան հետզհետե կորցնում էր քաջությունն ու դիմագծերն սկսում էին այլալվել...Կարճահասակ տիկինը մոտեցավ իրեն, բարի ժպտաց, բռնեց Գալյայի աջ ձեռքից, հետո նորից մռայլվեց ու օգնեց Գալյային պառկել սենյակի կենտրոնում տեղադրված մետաղե սեղանիկին:

Պառկած նայեց դիմացի պատին, որտեղ մի գունեղ նկար էր կախված...չէ...նկար չէր...պատուհան էր, իսկ պատուհանից դուրս ամեն բան գունավոր էր...պայծառ ու վառ կապույտ էր երկինքը, արեվի հետքերն ամենուր էին եվ ճնճղուկները կանաչ- կանաչ ծառերին այնպե՜ս հարազատորեն էին թառել այսօր: Գալյան կյանքն այդ շրջանակի մեջ դիտելով փակեց աչքերը եվ մի քանի տասնյակ րոպե այլեվս ոչինչ չտեսավ, ոչինչ չզգաց ու ոչինչ չհիշեց, մինչեվ վերստին բացվեցին աչքերը...
Նայեց դիմացի պատին ու հայացքն անզսպելի կարոտով գունեղ ու վառ պատկերի վրա տարավ ու բերեց...Ոչինչ չէր փոխվել...ամեն ինչ նույնն էր...բայց պատկերից՝ մի շատ գեղեցիկ, անփոխարինելիորեն հարազատ ու տաքուկ գույն պակասել էր:

Գալյան հագնվեց ու նետվեց փողոց: Միլիոնավոր գույների մէջ, նրա հայացքն սկսեց խենթի պես փնտռել պակասած այդ գույնը: Նրա մի ձեռքը կամաց սահեց դեպի որովայնի ներսում բացված վերքը, իսկ մյուս ձեռքն սկսեց օդից ինչ- որ գույներ հավաքել ու ծածկել իր ցավող , սպիացող մոխրագույնը:

2010 թ. - Երեվան

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...