Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից

Դեմքեր, դեմքեր,
Խառնապատառ օրաճաշիկ,
Ինչ– որ սեղան, մի պտղաման, մեջը խաշիկ,
Ինչ– որ Շանել, Իվ սեն լորան,
Թքով կպած փոշոտ կոշիկ,
Մի թաղ, մի գող, եփված մի խոզ,
Աղվես– մուշտակ հագած մի բոզ,
Վարկի դիմաց բարձրա–հարկեր,
Մի ջահել զույգ, մի բուռ ծծկեր,
Հրապարակ՝ դրոշից կախ
Ջարդուփշուր հոգեկմախք,
Ինչ– որ մի ժամ, ինչ որ մի բակ,
Մատանաքաշած օր ու սլաք…
Դեմքեր, դեմքեր,
Էժան օղի,
Ինչ– որ քծնանք հանուն փողի,
Ինչ– որ մի շուն,
Մի աղբատեր,
Հացահայաց, թոնրազուրկ սեր,
Մի վայրենի՜ք,
Տպագրական մի մեծ սխալ,
Ներողություն ,
Լե՜ն–նեղություն,
Չորսոտանու վրա հեծած
Բարոյական մի պարտություն,
Ինչ որ անճար մխիթարանք,
Ինչ որ խաբկանք իբրև սխրանք,
Ինչ որ ասուն մի անասուն,
Տակը թրջած գող, վայնասուն,
Ինչ որ երգեր անմեղեդի,
Ինչ որ հետքեր բոբիկ ոտի,
Անծայր մի հերթ ու ինչ– որ ելք,
Դեսպանատուն, անծեփ մի ճեղք,
Բերանակապ մի պատմություն,
Կարթակեռից կախ ցանկություն,
Լույսի մատնոց ինչ–որ բբեր,
Չբեր հայացք, Կարված կոպեր,
Հալվող դեմքեր, ջնջված կտավ,
Հազա՜ր փեղկեր լույսի ծարավ,
Ինչ –որ թափուր մի պատվանդան,
Ձերբակալված երազ, զնդան,
Ու մի ոչինչ, ինչ –որ ոչինչ,
Եկավ , նստեց, կերավ դինջ դինջ,
և մի պարան ցատկող դահիճ
Գոռաց դեմքիս...
Քեզ քիչ է, քի՜չ։

Նուշիկ Միքայելյան – Երևան 2011

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...