Article / Հոդված

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 25-02-2011

ՄԵՐ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ...




Մարդասպաններին դատելու եղանակներն ու պատիժները հայտնի են, հայտնի է նաեւ վերաբերմունքը այդպիսիների նկատմամբ: Չենք խղճում, պատիժն ընդունում ենք, եւ ենթարկվում ենք Աստծո սահմանած պատվիրաններինՙ սահմանելով մեր երկրային օրենքներն ու բարքերը եւ ապրում ենքՙ փորձելով զերծ մնալ որեւէ խախտումից:
Ապրե՜նք մենք եւ ապրե՜ն արդարության մունետիկները:
... Սակայն ո՞վ ենք մենք... ո՞վ է մեր գիտակցումի Համամարդը... Մարմի՞ն է լոկ...միս-ոսկոր ու արյունից ստեղծված մի անո՞թ, թե՞ ըստ մեր ու շատ-շատերի հավատքի, նաեւ ՀՈԳԻ... անորսալի, անշոշափելի, սակայն անժխտելիորեն ներկա մի իրականություն... եւ եթե համաձայն ենք, որ հոգին կա, գոյություն ունի, ապա ինչո՞ւ ենք միայն մարդասպաններին դատում: Չէ՞ որ նրանք մարդու լոկ մարմինն են վերացնում: Ինչո՞ւ ենք անտեսում այն հոգեսպաններին, որոնք ավելի՛ մեծ ոճիր են գործում, երբ դատարկում են մարմինը հոգուց: Պատճառն այն է, որ աներեւո՞ւյթ է հոգի ասվածը:
Այո՛, աներեւույթ է հոգին եւ արդարեւ հնարավոր չէ չափել կամ կշռել հոգո՛ւ փլուզումը:
Հոգեմտավոր իր արժեքներով մշտապես հպարտացող մեր ժողովուրդը, որն աշխարհի ժողովուրդների մոտ ներկայանում է իր հին քաղաքակրթությամբ ու մշակույթով, ով ամբիոններից չի՛ վարանում հայ տաղանդների ու հանճարների անուններ թվարկել, ով բիբլիական պատմության էջերն է բացում մեր երկրի պատմությունն իմացող-չիմացողների դիմացՙ հենց նույն այդ ժողովուրդը, այսօր, թե՛ իր ազատ ու անկախ հայրենիքում եւ թե՛ սփյուռքում, վերածվել է մի հաղորդակից անոթի, որի միջով մեր հոգեւոր արժեքների բացակայությո՛ւնն է անցնում... եւ առայժմ ուրիշ ոչինչ: Նախապես ասեմ, որ բացառություններ իհարկե կան, եւ հենց այդ բացառությունների շնորհիվ է, որ ընդհանուրի բախտը մեկ-մեկ բերում է:
Միացնում ես հեռուստացույցը: Մի սարք, որը ժամանակակից գիտության զարգացմանը զուգընթաց, իր ձեւաչափն է փոխում եւ գույների որակն ու հնարավորությունները: Աշխարհի բազմամիլիարդ մարդկանց կապում է իրարՙ դառնալով ազգերի պատմության հերթական վավերագիրը: Իսկ, թե ի՞նչ են պատմում հայկական հեռուստաալիքները մեր մասին, եւ արդյոք ի՞նչ են գտնելու մեր հեռուստատեսային արխիվներում տասնամյակներ ետք մեր սերունդները... Սա արդեն մի փաստարկված ու պարտադրված ողբերգություն է, որից ամաչելու ենք, եթե ոչ մենք, ապա մեր սերունդները:
Պարտադրված ասելը կարող է ճշգրիտ չհնչել, որովհետեւ որոշ լեզվանիներ հաստատապես պիտի ասենՙ սեղմի՛ր կոճակն ու փոխի՛ր ալիքը... ընտրությունը մեծ է:
Այո՛, ընտրությունը մեծ է, կասկած չկա՛, բայց ցավոք, բովանդակությունն ու ասելիքը գրեթե բոլոր ալիքներում մնում է նույնըՙ Զվարճացի՛ր հայ ժողովուրդ, հասել է քո ծիծաղելու պահը... դու, որ հազարամյակներ տառապել, զրկվել ու պայքարել ես, այժմ շունչ քաշիր, հանգստացիր ու մոռացիր քո բազմաչարչար առօրյան: Բթացի՛ր սիրելի հայ ժողովուրդ եւ անվախ սլացիր դեպի ապագան: Մենք հիմա ամեն օր ենք ծիծաղում, ամեն ժամ ու ամեն վայրկյան, արդեն անզուսպ ծիծաղում ենք մե՛ր իսկ ողբերգության վրա... բայց մինչեւ ե՞րբ...
Սա հոռետեսություն չէ՛, ոչ էլ մի մարդու խոսք, որը լավը գնահատելու աչք չունի: Ո՛չ, սա պարզապես մեր ներկա հոգեւոր, հեռուստատեսային եւ ընդհանրապես մշակութային քաղաքականության պատկերն է, որը մեծ ափսոսանքի եւ տխրության ցավ է պատճառում:
Բացառություններ միշտ լինում են, կան, սակայն ցավում եմ, որ մեզ մոտ միշտ լա՛վն է բացառություն... իսկ գուցե պետք է հակառա՞կը լիներ...
«Կոմերցիա՜», «շոո՜ւ», սահմռկեցուցիչ այդ բառը հերիք չէր, հիմա էլ «շոու բիզնե՜ս»: Հոյակապ կապկողներ ենք ազգովին, իսկ կապկել բառի արմատը, կարծում եմ, հասկանալի է բոլոր նրանց, ովքեր քիչ թե շատ հայոց լեզվին ծանոթ են:
Է՛հ... կապկե՛նք... մեզ ի՞նչ է եղել որ... Ամերիկան ու Ռուսաստանը ողջ մնան, կայացած հաղորդումները կան, ինչո՞ւ պետք է նստել ու նոր բան ստեղծել, մեր ինչի՞ն է պետք ստեղծել այն, ինչը իրոք կնպաստեր մեր կրթությանն ու մշակույթի զարգացմանը, մեր ինչի՞ն է պետք գլուխ ջարդել ու չարչարվել մտահղանալու համար մի ծրագիր, որը կօգներ հայ մարդուն վերստին հավատա՛լ, հավատալ իր պետությանն ու երկրի ապագային... Մեր ինչի՞ն է պետք հետեւել աշխարհում տեղի ունեցող լուրջ մշակութային իրադարձություններին, արվեստի ու գիտության նվիրյալների գործին ու կյանքին, նրանց խնդիրներին, նրանց հաղթանակներին կամ պարտություններին, հրատարակվող գրքերին, գրվող նոր երաժշտություններին, ստեղծված նոր կտավներին, հրատարակված հոդվածներին, մեր ինչի՞ն է պետք ստեղծել մի մթնոլորտ, որը կխթանի մեր երիտասարդների մտավոր ու հոգեւոր զարգացմանը...Մեր ինչի՞ն է պետք...Չէ՞ որ միեւնույնն է, որքան քիչ մտածող մարդ մնա Հայաստանում, այնքան քիչ մտածելու առիթ կլինի...
Եկեք չմտածենք: Առանց այդ էլ, մեր փոխարեն մտածում են մեր հարեւանները ու վաղըՙ երբ խոժոռ ճակատագիրը դարձյալ կթակի մեր դուռը, կա՛մ պիտի ստիպված լինենք ընդունել նրան, զուրկ պաշտպանվելու տարրական միջոցներից, կամ էլ մեր դուռը պարզապես փակ պիտի մնա...Փակ, իսկ տունը դատարկ, դատարկ, անլույս ու անհոգի, պատրաստ ամեն վայրկյան եւ արդեն քանիերորդ անգամ իր հազարամյա տեղը զիջելու առիթից օգտվողներին:
Իսկ աշխարհը երբեւէ չի՛ խղճում անմիտին... հակառակը, ծափահարում է նրան, որ տրված առիթից ճիշտ ժամանակին օգտվեց:
Հ.Գ. Ժամանակակից տեխնիկա, տեսախցիկներ, հսկայական գումարներ, գովազդային տեսահոլովակների անմրցունակ շքերթ, շպարված ու հագած հաղորդավար-հաղորդավարուհիներ, արտերկրյա հեռասփռում..., սփյո՛ւռք, միացի՛ր մեզ, մենք առա՜ջ ենք գնում...Տեսնո՞ւմ եք...փոխվել ենք, զարգացե՜լ ենք, նոր ֆիլմեր ու սերիալներ ենք թխում...Ինչեր ասես չեն անում մեր դերասան-դերասանուհիները, ինչե՜ր ասես չեն սովորում անել մեր հաղորդավար-հաղորդավարուհիները...Պարում ենք, երգում ենք, Հիթ շքերթներ ենք կազմակերպում, հումոր ունենք աշխարհը չունի՜... Հե՜յ գիդի Չարլի Չապլին... դու ո՞ւր էիր, երբ հայ ժողովուրդը իր տաղանդավոր հումորիստներով էր իր բեղմնավոր արգանդը բեռնել...
Կեցցե՛նք մենք, կեցցե՛ն մեր հումորիստները, կեցցե՛ն մեր երգիչ-երգչուհիներն ու իրենց «թո՜ւյն» տեսահոլովակները, կեցցե՜ մանավանդ քաղաքականությունը, առանց որի մենք պարապությունից կարող էինք պարզապես խելագարվել: Մեկ խոսքով, կեցցեն բոլոր նրանք, ովքեր ամեն ժամ ու ամեն վայրկյան ջանք չեն խնայում մեկ ՀՈԳԻ եւս սպանելու համար:

Իսկ թե ի՞նչ կարելի էր անել, վստահաբար ինձ նման մարդու խորհրդի կարիքը չեն զգում այս հոգեսպան քաղաքականության առաջնորդները, մանավանդ որ բոլորն էլ ըստ իս կարող են իրենց հայացքը թեքել ըստ «պահանջի»:

ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...