Poetry/ Բանաստեղծություն

«Ռեքվիեմ» շարքից

Երբ գիշերը իջավ քո քաղաքի վրա փտախտի պես,
Երբ տարածվեց մահը առավոտիդ հյուսվածքներում,
Դու կտրեցիր ո՛տքը լույսի...

Այդ օրը բանաստեղծը մեռավ քո մեջ,
Արեգակը շերեփ-շերեփ թափվեց հորիզոնին,
Գետնանցումում թաղված պոետների մրցակիցը դարձավ «Գինդ»-ը
Եվ հեռուստակայաններից
Տգիտության քո շուրջօրյա երգը հնչեց...

Երբ ագռավներն իրենց վիզը երկարեցին կարապի պես,
Երբ սողացին արծիվներդ ու գայլերդ թռան,
Դու փակեցիր ա՛չքը լույսի...
Եվ այդ օրը բանաստեղծը մեռավ քո մեջ,
Երկրագունդը կախվեց պատից որպես քարտես,
Ճշմարտության վրա տապանաքար դարձավ սուտը
Եվ մեծերիդ ազգանունը
Փոխարինվեց գաճաճներիդ մականունով...

Երբ մոլորվեց էությունդ,
Երբ կակազեց լեզուդ,
Երբ ընդհատվեց միտքդ անմտության աղբով,
Երբ երերաց հոգիդ,
Երբ մորթվեց գութդ,
Երբ սափրվեց դիմագիծդ անդեմների շեղբով,
Բանաստեղծը մեռա՜վ,
Պարփակվելով քո մեջ,
Ամփոփելով քո մեջ
Տիեզերքի փոշին,
Որպես մի ծիր կաթի՜ն,
Հարդագողի ճամբա՝
Իրեն ծնած, իրեն թաղած հողին:

Նուշիկ Միքայելյան
Հուլիս 8, 2011 թ. - Երեվան



Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...