Article / Հոդված

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #167, 17-09-2005




ԱՄԵՆԱԲԱՐԴԸ ՍԿՍԵԼՆ Է...
ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


Թե քանի՞ հազար անգամ զրոյից, նույնիսկ զրոյից պակաս ինչ-որ կետից սկսել ենք շարունակել... այդ մասին ավելի ստույգ կարող են ասել պատմաբանները...իսկ ես պատմաբան չեմ. ես պարզապես այդ զրոյական ժամանակահատվածներից մեկում ապրող մարդ եմ, որն ինչպես բոլորը, շարունակում է շարունակվել...
Հիմա ոմանք կասեն, ինչու՞ զրո...չէ՞ որ մեր պատմության ընթացքի մեջ զրոներ չկան...զրոն, դա որեւէ պետության, թագավորության, կայսրության կամ թեկուզ ցեղախմբի վերջնական անկումն է: Իսկ մենք վերջնական անկումներ չենք ունեցել. չենք ջնջվել վերջնականապես, չենք ջարդվել մինչեւ վերջին հայը եւ երբեք չենք ներկայացել օտարին այլ անունով,կամ ընդհանրապես անանուն մի մարդկային խմբի վիճակում չենք հայտնվել, / հակառակ այն փաստի, որ միշտ չէ, որ անուն ունենալը մեծ նշանակություն է տալիս այդ անունը կրողին/ Համենայնդեպս մենք մեր անունը սիրել ենք միշտ, աշխարհի տարբեր անկյուններում, կամ գիտակցորեն բարձրաձայնել ենք որ հայ ենք, / երբ հարցրել են այդ մասին չճանաչելով մեզ / , կամ էլ պարզապես նախընտրել ենք այնուամենայնիվ / թեկուզ հայ անվան հետ բացի անունից այլ առնչություններ չունենալով /, ինչ որ մի բան կոչվելու փոխարեն հայ կոչվել, քանի որ այդպիսով, գոնե մեզ ընդհանրապես չճանաչողի համար, ինչ որ չափով հետաքրքրական կարող ենք դառնալ... :
Իսկ ո՞վ կարող է պատմական, փիլիսոփայական եւ քաղաքացիական ճշգրտությամբ բացատրել թե ի՞նչ կամ ո՞վ է հայը: ինձ թվում է` ոչ ոք:
Ֆրանսիացի հայտնի բանաստեղծ, էսսեիստ,արվեստի տեսաբան եւ քննադատ Պոլ Վալերին օրինակ, կարողացել է եթե ոչ անվիճելի ճշգրտությամբ, բայց գոնե առավելագույն ճանաչողությամբ վերլուծել եւ բնորոշել եւրոպացուն, չբացառելով, որ « ճանաչելն ու բնորոշելը, դա տեսնելու կերպ է եւ հայեցակետ» եւ որ « կարող են լինել այդ հարցի շուրջ օրինական բազմաթիվ այլ տեսակետներ: Իսկ արդյո՞ք հնարավոր է բնորոշել եւ վերլուծել նույնպես հային: Ինձ թվում էՙ հնարավոր է, կամ հնարավոր կլիներ, եթե մենք կարողանայինք հայ անվան էության հավաքական կերպարը ձեւավորել մեր ենթագիտակցության մեջ , խորապես համոզված լինելով, որ հայը` միանշանակ մեկ բան չի նշանակում:
Թուրքն օրինակ, թուրք է եւ վերջ: Թուրք բառը նույնիսկ տարբեր գրական ստեղծագործություններում օգտագործվել է որպես ածական եւ ոչ անուն: Իսկ ածականը միշտ էլ շատ կոնկրետ ինչ որ բան է նշանակում:
Հայ անվան դեպքում, մենք նույնը ասել չենք կարող...
Հայը պատմության ընթացքի, եղելությունների, փոփոխությունների դրոշմն ու ազդեցությունը կրող մի կերպար է, որը բնական եւ ոչ բնական աղետների, ճնշումների , հալածանքների եւ այլ դեպքերի պատճառով փոխվել է կամ ենթարկվել փոփոխության: Փոխվել բառն այս դեպքում կարող է ճիշտ չհնչել, բայց փոխվելն ինքը, նույնպես միանշանակ չէ: Փոխվում են...կամ համակերպվում / որը փոխվելու մի տեսակ է/, կամ արտագաղթում են / որը փոխվելու եւս մի տեսակ է/ կամ էլ սերտաճում են / որը դարձյալ փոխվել է նշանակում/... մի խոսքով, երբ ասում են « մենք հայ ենք» կամ « մեզ ճնշել են, բայց մենք մնացել ենք հայ», եւ այլ նմանօրինակ արտահայտություններ, որոշակի ոչինչ չեն ասում ընթերցողին, կամ պարզապես ավելացնում են մեր գրականության` սենտիմենտալիզմի իշխանության տակ գտնվող տողերի շարքը:
Կան ցամաքային կամ ջրային կենդանիների տեսակներ, որոնք գույն կամ ձեւ են փոխում, որպես ինքնապաշտպանության բնական միջոց: Մեր պարագայում, միշտ չէ, որ գույն ու ձեւ փոխելը վերը նշված իմաստն ու պատճառն ունի: Մեր պարագայում, գույնը փոխում են միայն սեփական գույն չունենալու պատճառով: Իսկ այդ տեսակի փոփոխությունների ավելի հաճախ հանդիպում ենք մեր օրերում: Մեկ բան կարող եմ հստակ ասել, որ հայը բնության, տեղի, վայրի մարդ է: Ապրելու վայրը, ծննդավայրը կամ նույնիսկ բնակավայրը հային թելադրում են կրել այդ վայրի տեսակի հատկանիշները եւ ոչ միայն վայրի, այլեւ այդ վայրերում վաղուց բնակվող տեսակի նմա՛ն տեսակը կրկնօրինակել:
Հարցն այսպես ավելի է բարդանում, որովհետեւ եթե փորձենք հային բնորոշել ըստ բնակավայրի, մենք պարզապես կկորցնենք շարքի սկիզբն ու վերջը, մանավանդ որ այդ շարքի վերջն ընդհանրապես չկա... Իսկ ո՞րն է սկիզբը...հայրենի՞ տունը...այսօրվա՞ հայրենի տունը...անցյալի՞ հայրենիքը...թե՞...որեւե ծննդավայր, որտեղ նույնպես եւ նույնիսկ ավելի մեծ թվով հայեր այսօր էլ ծնվում են, ապրում եւ շարունակում բնակվել:
Չբարդացնելու համար, պիտի փորձեմ կենտրոնանալ բուն, այսօրվա հայրենիք-ծննդավայր-բնակավայրի վրա, որն այնուամենայնիվ ,իմ կարծիքով, եթե նույնիսկ վերջինը չէ, ապա հաստատ միակն է,իմ եւ ինձ նման մտածող շատերի համար: Թե ինչպե՞ս ենք վերաբերվում այս միակին, դա էլ այլ բարդություններ պարունակող խնդիր է, որի խնդրի լուծումը ցավոք, չի կարող մեկ մարդու սեփականությունը լինել:
Ամենաբարդ մաթեմատիկական խնդիրներին միշտ էլ պատասխաններ եւ լուծումներ են տվել անհատները եւ փառավորվել են, ճանաչում ու հռչակ ստացել խնդրի լուծման փաստերի ճշգրտությունը ընդհանուրի գիտակցության սեփականությունը դարձնելուց հետո միայն, որի պատճառով էլ, եղել են անհատ- խնդիր լուծողներ,որոնք ճանաչվել ու փառքի են արժանացել հետմահու միայն: Հայրինիքի խնդիր լուծելը չի կարող միայն մեկ անհատի վերաբերվել, եթե նույնիսկ այդ անհատը ժամանակի հանճարն է:
Սակայն խնդրի լուծումը նաեւ չի կարելի ձգձգել այնքան, որ մենք էլ մտնենք հետմահու փառավորվածների շարքում: Ի՞նչ է մեզ պետք, հավաքական լուծում տալու համար այս բարդ ու անլուծելի թվացող խնդրին: Առաջին հերթին, խնդրի` սեփականը լինելու գիտակցությունը: Արդյո՞ք գիտակցում ենք, որ մեզնից յուրաքանչյուրի առաջ դրված է նույն խնդիրը եւ որի լուծման համար, պատասխանատու ենք բոլորս անխտիր: Հաստատապես չենք գիտակցում: Մեզ թվում է, որ երբ ինչ որ մեկը, կամ ինչ որ մի խումբ կլուծի խնդիրը իր խելքի ու իմացության մակարդակով, մենք պարզապես խնդրի լուծման արդյունքը կվայելենք, կամ չենք վայելիՙ ունենալով բոլոր իրավունքները հավանություն տալու կամ չտալու: Այսինքնՙ հյուրի նման, որին «տանտերը» հրամցնում է մի անհամ ուտեստ,եւ հյուրը կամ պիտի համարձակվի ասել, որ այդ ճաշը իրեն դուր չի գալիս, կամ պիտի ներողություն խնդրելով մատուցված ճաշից մի պատառ համտեսի ու անակնկալ ստամոքսի ցավը պատճառաբանելով դնի մի կողմ,կամ էլ պիտի քաղաքավարությունից ելնելով, ափսեն մինչեւ վերջ սրբի ու շնորհակալ լինի , որ քաղցից չի մեռել: Սակայն ինչու՞ ենք հայտնվում այդ հյուրի դերում, երբ սեփական տան մեջ, լիարժեք իրավունքը եւ առավել եւս պարտավորությունն ունենք ճաշը ինքներս եփելու...
Երկրորդ: Բարդ խնդիրների լուծման համար,գիտակցելով, որ ամեն մարդ չէ, որ կարող է խնդրից գլուխ հանել, խնդրի լուծումը հավաքական եւ միաձայն ընտրությամբ առաջարկում են անհատներից կազմված մի այնպիսի խմբի, որն իր խելքով, իր հիշողությամբ, իր` խնդրի լուծմանն անհրաժեշտ բոլոր ունակություններով, նախ` կարող է եւ երկրորդ` պատրաստ է գիշեր- ցերեկ չքնելով, տքնելով, մտածելով ու ընդհանուրի շահից ելնելով, գերլարված ուժերով լուծում տալ խնդրին, որի սխալ լուծման դեպքում, վերոհիշյալ խումբը խորապես գիտակցում է, որ ոտքից- գլուխ պատասխանատու է բոլորի առջեւ:
Երրորդն ու ամենաանհրաժեշտը` սերն է, առանց որի մարդու ոչ ուղեղը կգործի, ոչ գիտակցությունը, ոչ էլ ցանկություն կառաջանա հանուն բոլորի, խնդրի լուծման համար աշխատել... եւ ընդհանրապես առանց սիրո, ոչ մի հեշտ կամ բարդ խնդիր լուծում չի ստանա...
Մեր հայրենիք- ծննդավայր- բնակավայրի խնդիր լուծողների համար չեն գործում այս տարրական կանոններից եւ ոչ մեկը: Գործում է միայն մեկ բան` խնդրից փախուստը, կամ խնդրի բարդությունը բոլորի երեսով տալը եւ որ ամենաանհասկանալին է, խնդիր լուծել չկարողանալով հանդերձ, խնդրի լուծումը սեփական անկարող ուղեղներին վստահելը: Նպատա՞կը` չզիջել տեղը: Տեղ` որն օրենքով տրված է բարձր գիտակցման ուժն օգտագործելու եւ այդ ուժով, ցանկությամբ, սիրով ու աշխատասիրությամբ, խնդրի ճիշտ լուծման գեղեցիկ տողը գրելու համար: Տեղ` որն ավելի շատ նմանվել է մի փորձադաշտի, գերզարգացած տեխնիկայով չհագեցած լաբորատորիայի, որը հայրենիք է կոչվում եւ որտեղ անընդհատ փորձեր են արվում բուն խնդրից դուրս խնդիրներ լուծելու, մերթ թունավորելով մթնոլորտը, մերթ վնասակար նյութեր խառնելով իրար եւ չգիտակցելով կամ նույնիսկ գիտակցելով, որ այսպիսի դեպքերում, մեկ սխալն անգամ, կարող է վերջնականապես պայթեցնել այն հայրենիք- լաբորատորիան, որի մեջ ենք բոլորս, խնդիր լուծողների հետ միասին:
Ցավոք, սա էլ է հայի հատկություններից մեկը: Չէ՞ որ հայը տեղի մարդ է...իսկ հային տեղից հանելու միակ ձեւը այդ տեղի դիմաց նրան վճարելն է...թա~նկ վճարելը......եւ վճարել են...ժամանակին էլ են վճարել...վճարել են մեր իսկ արյամբ, վճարել են, նոր տեղեր տալով մեզ, մեր սեփական տեղից դուրս / որը երբեք չի կարող մերը լինել/, կամ վճարել խոստացել են, գրավելով մեր տեղը ու դիմացը, տեղի հիշողությունից բացի մեզ ոչինչ չթողնելով... ...Իսկ երբ վաճառողներ չեն լինում, վճարողներն երբեք, հենց այնպես չեն հայտնվում:
Կարո՞ղ ենք արդյոք նորից սկսել...
Խնդիրն իր ողջ բարդությամբ մեզնից յուրաքանչյուրի սեղանին է ու ամենաբարդը` լուծման ճիշտ սկիզբը գտնելն է միշտ:
Ես լուծման առաջին եւ ամենակարեւոր տողն եմ գրում.
Ես սիրում եմ մեր հայրենիքը...
/... իմիջիայլոց, սա էլ է հային բնորոշ .../

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

ԼԻՆԵԼ ԵՎ ՉԼԻՆԵԼ...