Article / Հոդված


[0]
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #226, 10-12-2005


Հրապարակախոսություն    


ՀԱՆԵՑԵ՜Ք ՁԵՐ ԴԻՄԱԿՆԵՐԸ
ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Վերջին տարիներին Հայաստանում ստեղծված քաղաքական-տնտեսական-ընկերային այս խառնարանը, բազմաթիվ տեղաբնակների դրեց անհասկանալի կացության մեջ, բայց ամենաբարդ ու թնջուկային վիճակում հայտնվեցին արվեստագետ-ստեղծագործողները, մշակույթի եւ գիտության մարդիկ:
Եթե փորձենք հստակեցնել մարդկանց գործունեության շրջանակները ըստ իրենց բուն մասնագիտությունների, կհայտնվենք մի քաոսում, որտեղ դժվար կլինի կողմնորոշվել, թե այս կամ այն քաղաքացին ո՞վ է, ի՞նչ առաքելություն ունի եւ ըստ իր բուն մասնագիտության ինչքանով կարող է արդյունավետ աշխատել իր եւ իր երկրի զարգացման համար:
Շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր ենթադրենք, ճարտարապետ են բուն մասնագիտությամբ, բայց հայտնվել են, օրինակ, երթուղային մի տաքսու ղեկի ետեւում ու առավոտից գիշեր Երեւանի մի ծայրից մյուսը ուղեւորներ են տանում-բերում, մեկ- մեկ էլ քթի տակից դժգոհ ու անօգնական մրթմրթալով, թեՙ այս ի՛նչ ճարտարապետական սխալ մոտեցմամբ են քաղաքի կենտրոնում շինարարություններ անում...
Կամ մի երիտասարդ բժշկի, որն, ասենք, հիվանդանոցում հայտնվելու փոխարեն հայտնվել է մի սրճարանում, մատուցողի դերում, որովհեւ հարկ է ընտանիք պահել...
Ոմանք պիտի մտածեն, թե դա արդյունք է մարդկանց ոչ բավարար մասնագետներ լինելուն եւ որ բարձրակարգ մասնագետը միշտ էլ իր տեղը գտնում է կյանքում... Բայց չէ՞ որ մենք այսպիսի օրինակների հանդիպում ենք գրեթե ամենուր, ամեն օր եւ ամեն ժամ, եւ եթե ցանկություն առաջանա պարզել այդպիսիների թիվը, ապա ավելի հեշտ կլինի հաշվել հակառակ իրավիճակում գտնվողներին, այսինքն նրանց, ովքեր կազմում են փոքրամասնություն եւ բարեբախտաբա՛ր աշխատում եւ զբաղվում են այն գործով, ինչի համար էլ ծնվել են եւ իսկապես կարող են իրենց գործի համար պատասխանատու լինել:
Վերոհիշյալ օրինակները կարող ենք նույնիսկ չարիքի փոքրագույնը համարել, եթե համեմատենք նրանց մյուս ծայրահեղության հետ, երբ անուս, անկիրթ եւ անպատրա՛ստ մարդն է հայտնվում մի այնպիսի՛ տեղում, այնպիսի՛ աթոռի կամ պատասխանատու դիրքի մեջ, որտեղ իր «գործելը» պարզապես կարող է ավերներ գործել, սարսափելի հարցականների եւ բողոքների առիթ տալով այդ տեղի համար պատրա՛ստ մասնագետներին...
... Քաոս է...չէ՞...քաոս է եւ թվում է, թե վերջ չունի...քաոս է , որովհետեւ հենց այս իրավիճակն ստեղծողներն են իրենց սխալ տեղերում...քաոս է, որովհետեւ բժիշկ- մատուցողը չի կարող հաճույքով ենթարկվել այն «շեֆին», որը հայերեն խոսել անգամ չգիտի...քաոս է, որովհետեւ ճարտարապետ-վարորդը չի՛ կարող մեքենան հանգիստ վարել այլափոխված իր քաղաքում, ենթարկվելով մի անգրագետ պատվիրատուի, որն իրեն պիտի թելադրի աջ գնալ, թե ձախ...քաոս է, որովհետեւ օպերային երգիչը չի կարող առանց ներքին վրդովմունքի պահանջված ռաբիզը երգելՙ ինչ-որ խնջույքի ընթացքում գոհացնելու համար մի ռաբիզասերի...քաոս է, որովհետեւ նկարիչ-վարսավիրը չի կարող գեղեցկացնել այն մարդու գլուխը, որտեղ գեղարվեստի մասին ամենատարրական գիտելիքն անգամ չկա...քաոս է, իսկ մենք ասում ենք սպասարկման ոլո՜րտ...ոլորտ, որն այս քաոսում չի կարող նույնիսկ ձեւավորվել...ուր մնաց զարգանալ...քաոս է...եւ չի կարող չլինել...որովհետեւ նկարիչը պիտի իր կտավը գեղեցկացնի, երաժիշտը պիտի ստեղծի իր մեղեդին, բանաստեղծը պիտի բանաստեղծի, բժիշկը պիտի իր մարդասիրական առաքելությունը կատարի, ճարտարապետը պիտի զբաղվի իր նախագծումներով...քաո՛ս է...եւ չի կարող չլինել... չի՛ կարող այս խառնարանում ստեղծվել մի այնպիսի հստակ եւ առողջ դաշտ, որտեղ հրաման տվողը այդ իրավունքն անկասկած ունի եւ որին ենթարկվողը գիտակցելով, թե ու՞մ է ենթարկվում, չի կարող եւ կարիք էլ չի ունենա նույնիսկ երկմտելու:
Դե՛րը... դե՜րը չկա...դերասանները կան եւ խաղում են իրենց երկիր-բեմում, իրենց բաշխված սխալ դերերը, սխա՛լ դիմակներով.խաղում են, բայց ո՛չ իրենք են հաճույք ստանում այս դիմակահանդեսից, ո՛չ էլ հանդիսատեսը. խաղում են մի ձախող ներկայացում... ճի՛գ են թափում, կաշվից դուրս են գալիս կարողանա՛լ դերի մեջ մտնելու համար, բայց... ձախողվում են...դերն իրենցը չէ՛... դերերը սխալ են բաշխված... կարծես թե նույնիսկ կանխամտածվա՛ծ, որ դերասանը դադարի դերասան լինելուց, հանդիսատեսը լքի թատրոնը, իսկ ներկայացումը մնա անընկալելի՛....բեմադրիչն էլ...ինչպես մի՛շտ, կուլիսներում է...
... Ի՞նչ ենք սպասում այսքանից հետո...սպասում ենք ընկալվե՞լ...եւ ոչ միայն մեր, այլեւ...աշխարհի՞ կողմից...որն իր փոքրաթիվ այցելուներին է ուղարկում այս ներկայացումը դիտելու, եւ որոնց համար երբ այս խաղն անընդունելի է դառնում, մնում է նրանց հիանալ դահլիճի՛ գեղեցկությամբ, դահլիճի՜ տարիքով, դահլիճի՜ պատմությամբ, որը միշտ էլ ներկայացման սկսման պահից մնում է մթության մեջ, մինչեւ ներկայացման ավարտը, որ չկա՛...չի՛ գալիս ... իսկ մեզ մնում է կա՛մ կանգնեցնել ներկայացումը կեսից, կա՛մ էլ պարզապես հրաժարվել բաշխված դերերից ու մնալ բեմից դուրս, որտեղ էլ...ապրելն է անհնար:
Բեմից դուրս պետք է ուժ ունենալ հորինելու սեփակա՛ն ներկայացումը. ճի՛շտ սցենարով, ճի՛շտ բաշխված դերերով, ազնի՛վ ու անդիմա՛կ խաղով, որը այդ դեպքում միայն կդադարի որպես խաղ դիտվելուց...
... Եվ կան այդ մարդիկ, մարդիկ, ովքեր ուժ ունեն հորինելու սեփակա՛ն ներկայացումը. մարդիկ, ովքեր կարող են ստեղծել այն` ինչի արդյունքում ոչ միայն մեր հանդիսատեսը կծափահարի, այլեւ աշխարհի՛...
Բայց այստեղ էլ առաջ է գալիս մի ավելի մեծ խոչընդոտ, որն առանց շեշտելու իր գոյությունը, դառնում է աներեւույթ տապալողը բոլոր այն գործերի, որոնք պիտի ծնվեն, բայց չեն ծնվում...որոնք պիտի գան, բայց չեն գալիս, որոնք պիտի հեղափոխեն այս մթնոլորտը, բայց չեն հեղափոխում, իսկ խնդիրը մե՛կն է...
Արժանիները չեն գտնում իրենց տերերին: Արժանիները ընկնում են մի սարքված, անտեսված եւ պատվիրված օղակի մեջ, որտեղ իրենք մենակ են իրենց թափի, իրենց ուժի, իրենց մտքի, ստեղծագործողի ճիգի եվ պայքարի հետ, քառակի անլուծելի մի քաոսում, որտեղից դուրս գալու համար իրենց հասկացող եւ հավատացող ձեռքերը եւ ուղեղներն են բացակա:
***
Հովանավոր: Մարդ, որը թվում է, թե պիտի պարզապես դրամ ունեցողը լինի: Մարդ, որը թվում է, թե պիտի կարողանա ճիշտ ուղղորդել իր հնարավորությունները: Մարդ, որն իր հնարավորությունների չափով պետք է նաեւ գիտակցություն ունենա հասկանալու եւ իմանալու համար, թե որտեղ եւ ինչի համար է պետք ներդրումներ անել... Բայց փաստն այն է, որ հայ հովանավորների մեծ մասը, անգիտակից հարուստի իրենց էությամբ, չեն ցանկանում կամ չեն կարողանում տասնյակ անարժան ներդրումների կողքին գոնե մեկ լուրջ ներդրում անել այն ամենակարեւոր եւ ժողովրդի արժանապատիվ գոյության համար ամենաէական գործի մեջ, որը մշակույթ եւ գիտություն է կոչվում:
Ոմանք կարող են ասել, որ անհատ հովանավորն ազատ է իր ընտրության մեջ:
Հասկանալի է:
Բայց արդյոք կարելի՞ է հասկանալ պետական հովանավորի եւ հենց այդ առաքելության համար հատուկ ձեւավորված այն պատասխանատու կազմակերպությունների, նախարարությունների, կուսակցությունների եւ միությունների «ազատությունը», որոնց փակ դռների առջեւ հաճախ կարելի է հանդիպել մեր քաղաքում առանց այդ էլ փոքրիկ թիվ կազմող այն դեմքերին, որոնք տրամաբանության բոլոր կանոններով պիտի այդ պահին նստած լինեին իրենց գրասեղանների ետեւում ստեղծելու, գրելո՛ւ, արարելո՛ւ համար, իրենց ժամանակը չվատնելով փակ դռների ետեւում նստողներին բացատրելով, համոզել փորձելով, երբեմն նույնիսկ խնդրելով, պահանջելու փոխարեն` կարծես թե մուրալո՜վ, որ տե՜ր կանգնեն, որ հասկանա՜ն, որ գոնե փորձե՜ն հանուն մի նոր մշակութային ծրագրի, հանուն մի նոր գիտական աշխատանքի, հանուն մի նոր ասելիքի, դառնալ հավասար գիտակցությունը ունեցող այն թիկունքն ու ձեռքը, որը նրանց չի տրված ապտակելու համար...չի տրված գողանալու համար...չի տրված խանգարելու համար...մանավանդ , որ նույն նրանք, այս կամ այն կարեւորագույն իրադարձությունների ժամանակ, այդ նույն արվեստագետների եւ գիտնականների դեմքերից է, որ սեփական դիմակներն են պատրաստում եւ որը օգնու՜մ է նրանց., շա՜տ է օգնում, երբ իրենք են անդեմք եւ անօգնական...
***
Եղեռնի 90 ամյակ: Առաջարկ ստեղծագործողի կողմից ` մշակույթի նախարարությանը: Նոր բալետ: Նոր երաժշտություն: Նոր լիբրետո: Մեծակտավ մի ստեղծագործություն: Սիմֆոնիկ նվագախմբով: Երգչախմբով: Պարային խմբով: Նոր ճիգ: Մարդկանց արժանապատվորեն ներկայանալու եւ պատմությունդ ներկայացնելու հիանալի միջոց: Արվեստագետի ցավ: Պոռթկում:Գիտակցություն եւ նվիրում նաեւ...
Լռություն...արձագանգ չկա... նախարարությունն զբաղված է...նախարարությունն ականջներ չունի...նախարարություն զանգահարեք վաղը...վաղը չէ, մյուս օրը...նախարարություն զանգահարեք ապագայում...
Ստեղծագործողը չի հուսահատվում: Բազմաթիվ ճիգերից հետո կարողանում է սփյուռքահայ բարերարների աջակցությամբ հայթայթել ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի երեք քառորդը...
Լռություն...արձագանգ չկա... նախարարությունը ականջներ չունի...նախարարությունը զբաղված է... նույնիսկ...անհասանելի...
Ապշում են բարերարները, իսկ ստեղծագործողն ընկնում է անհասկանալի վիճակում:
Կա՞ բացատրություն: Չկա: Եվ մի մեծ ԻՆՉՈ՞Ւ մաշում է սիրտդ, միտքդ, եւ դու տրամաբանությանդ թելադրանքով հասկանում ես, բայց չհասկանալ ձեւացնում, որովհետեւ միեւնույն էՙ միայն ինքդ գիտես, որ կարողացել ես հայթայթել անհրաժեշտ գումարի մեծ մասը...լռելով...
Իսկ այսպիսի դեպքերում, մեր երկրում, երեւի պետք է ինչ-որ մեկին, ինչ որ բան ասել...
Բայց չէ՞ որ մշակութային լուրջ առաջարկների ժամանակ ասելիքներն այլ պետք է լինեն, անելիքները այլ...
Մեղավո՞րը: Մեղավորը սխալ մարդն է սխալ տեղում հայտնված: Մեղավորը հնարավորությունների բացակայությունը չէ երբեք, որովհետեւ հնարավորությունների հսկա չափերի ականատեսը մենք բոլորս ենք դառնում, երբ այս կամ այն հայկական ակումբում անցկացվելիք պորտապարի խելահան երեկոների հայտարարություններն ենք կարդում, երբ այս կամ այն անձայն-անգրագետ-անճաշակ երգչուհու «շքեղ» տեսահոլովակն ենք դիտում, երբ հեռուստաալիքներից երիտասարդ մի հաղորդավարուհու ծռմռված հայերենն ենք լսում, երբ Հայաստանի անկախություն ենք նշում մի «համերգ- խառնաշփոթով», երբ եղեռնի 90-ամյակ ենք նշում կրկնվելով, առանց որեւէ հիշարժան մշակութային նոր ձեռնարկի, երբ վխտում ենք մայրաքաղաքի խորովածանոցներում եւ սրճարաններումՙ չիմանալով կուտակված հնարավորությունները որտեղ ծախսել, երբ չենք հասկանում եւ չենք ուզում հասկանալ, որ մշակութային եւ գիտական հաղթանակներն են միակ հաղթանակները, որոնք վեր են մեր «ես»-ից եւ պատկանում են բոլորին անխտիր եւ որ պատերազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը պետք է իր շարունակությունն ունենա մանավանդ մշակույթի եւ գիտության դաշտում եւ որ առանց այդ շարունակության, պատերազմած եւ հաղթած ժողովուրդն անգամ, միեւնույն է, պարտված կճանաչվի վա՛ղը:
Մեղավո՞րը...
Երբ չեն ուզում իրականության աչքերին ուղիղ նայել, մեղքը դնում են իբրեւ թե չծնված պոետների, գոյություն չունեցող երաժիշտների, գիտնականների, կամ իր հետնորդը չունեցող մեր անցյալի վրա, որն իբրեւ թե մենակ է մնացել հեռվում եւ չի ծնել ոչինչ այսօրվա համար:
Ծնե՛լ է, բարեկամներս, ծնե՛լ: Նույնիսկ մեծացրել ու փայփայել է այնպիսի անհատների, որոնք բեմից դուրս, թե բեմում, հովանավորով թե առանց հովանավորի, միեւնույն է, իրենց ասելիքն ունեն, ասում են եւ թեկուզ մեծ դժվարությամբ, անում իրենց գործը: Պարզապես անգիտակիցներն այսօր կորցնում են. իսկ վաղը... վաղն արդեն ուշացած կլինեն:

Comments

Popular posts from this blog

Poetry/ Բանաստեղծություն

ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...

Reviews/ Գրախոսություն