Article / Հոդված
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #84, 2011-05-11
Պարզապես հասկանալի չէ արդարության պահանջի ա՛յս ուղին եւ տեսակը: Մե՛ր տեսակը...
Մտահոգություն
ԺԱՄԱՆԱԿՆ ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՉԻ՜ ՀԵՐԻՔԵԼՈՒ
«Բոլորն արդեն կարդալ գիտեն,
Ուրեմն Փառքՙ կարդացածը հասկացողին...»:
Պ. Սեւակ
Ցեղասպանությունն առաջին հայացքից ցեղի ֆիզիկական բնաջնջման ու սպանության գաղափարն է կրում իր մեջ, սակայն հաշվի առնելով, որ ցեղը լոկ նյութ չէ, այլեւ առավելապես հոգու ու մտքի յուրօրինակ տեսակ, ապա անհամեմատ հեշտ է խոսել միլիոնուկես զոհերի մասին, քան այդ միլիոնուկեսից յուրաքանչյուրի հոգու ու մտքի սպանության մասին, նրանց ստեղծած եւ ստեղծելիք մշակույթի, բարքերի ու գոյատեւման եւ զարգացման հիմնաձեւերի մասին... եւ այսօր արդեն նրանց ժառանգների գիտակցության տեսակի ու դրա հետեւանքում առաջացած մեր այսօրվա ապրելակերպի ու մտածելակերպի մասին:
Ի՞նչ ենք մենք հասկանում հայոց պատմություն ասելով... անցյա՞լ... անցյալում տեղի ունեցած իրողությունների փաստագրությո՞ւն... թե՞ կիսատ-պռատ տեղեկությունների նույնքան կիսատ-պռատ մատուցում, չեղածով հպարտանալու մոլուցք, եղածից էլ ամաչելու կամ սովորելու փոխարեն, ճշմարտությունների միտումնավոր թաղում, կամ լավագույն դեպքում... քողարկում...
Ի՛նչ տարբերություն...
Եթե այսօր փորձենք դպրոցահասակ մի պատանու կամ սովորական անցորդի, ջահելի կամ ահելի (խոսքս չի վերաբերում բացառություններին) հարցեր տալ մեր պատմությունից, կհամոզվենք, որ թե՛ Հայաստանում ծնված-մեծացած հայ մարդը եւ թե՛ Սփյուռքում ապրող հայն ընդամենը մի քանի պատմական ծեծված, չարչրկված ու կցկտուր «հեքիաթների» կամ փաստերի է հասու, որոնցից առաջնային տեղերից մեկն է գրավում միշտ 301 թ.-ը, որը հիշելիս, պատմողը կնշի պետականորեն առաջինը քրիստոնեություն ընդունած մեր ազգի մենաշնորհի մասինՙ չմոռանալով հիշատակել Անագի որդի Գրիգոր Լուսավորչի հեքիաթային խորվիրապյան տասնչորս տարիներն ու Տրդատ թագավորի խոզի հիվանդությունը ... ապա կմտաբերեն հանճարեղ Մեսրոպ Մաշտոցի գրերի գյուտը, ում տքնաջան աշխատանքն ու առասպելական նվիրումը ոմանք մի զարկով վերածել են տեսիլքով նրան հաղորդված մի հրաշքի (իմիջիայլոց, մարդկանց կատարած շոշափելի ու ծանր աշխատանքին միշտ էլ սիրել ենք վերացական ու երազային բնույթ տալ): Հրաշքներին հավատալու չտեսնված միջոց է սա... Նախ սրբացնում ենք, ապա ասում, որ նրան ի վերուստ տրվեց... Գուցե դրա համար էլ, մինչ օրս, բոլորս նստած սպասում ենք, թե մեր հերթը ե՞րբ է գալու, թե մեզ ե՞րբ են ի վերուստ տալու... Մեր պատմության առավել «խոր գիտակները» հպարտությամբ, դեմքի լրջագույն արտահայտությամբ ու հայկական փքվածությամբՙ գրերի գյուտից հետո մի քանի անգամ կշեշտեն Վարդան Մամիկոնյանի բարոյական հաղթանակի մասին ու նորի՛ց միամտորեն, նույնքան մեծ արձագանք կակնկալեն լսողներից, որոնք էլ, ինչպես միշտ, կլսեն պատմական այս եղելության մասին, հետո հանգիստ կանցնեն ու կգնան իրենց ճամփով... եւ իհարկե մեր բարոյական հաղթանակին կհաջորդի մեր պատմության խոշորագույն հիշարժան դրվագըՙ Հայոց ցեղասպանությունը, որը ցավոք մեր դարավոր պատմության «թագն ու պսակն» է դարձել, քանզի սրտաճմլիկ պատմություններ պատմելու եւ հոգեխռով ու լացակումաց կեցվածք ընդունելու մեջ բոլորս վարպետ ենք...շա՜տ վարպետ...
Իսկ գաղթած, ջարդված, կոտորված, ծեծված, սպանված, մորթված, բռնաբարված ու մեկ խոսքով անասելի վայրագությունների ենթարկված մեր տխուր անցյալն արդեն նորօրյա մասնագիտության վերածած, նույն զոհի տրամաբանությամբ, մինչ օրս պատմում ենք աղետալի դեպքերի մասինՙ հաշվի չառնելով ոչինչ...
...Ո՛չ մեր հասուն տարիքը, ո՛չ ժամանակի փոփոխությունը, ո՛չ արդի դիվանագիտության պահանջները, ո՛չ աշխարհաքաղաքական մարտահրավերները, ո՛չ էլ մեր այսօրվա քաղաքացիական մտքի բացակայությունն ու մեր ժողովրդի եռաթեւ անօգնականությունն ու խեղճուկրակությունը ...
Նույնն ենք մնում: Ժամանակներն անցնում են, մենք նո՜ւյնն ենք մնում....Նո՜ւյնը...Նո՛ւյնը: Երեւի նույնը մնալն էլ ամեն ազգի բան չէ... Դա էլ պետք է կարողանալ... Դա էլ մի յուրօրինակ վարպետություն է, որին պետք է տիրապետել:
Ընթերցողը հիմա կարող է մտածել, թե մենք էլ պատկանում ենք այն մարդկանց շարքին, ովքեր Ցեղասպանության հարցի վերջնական լուծումը նախընտրում են ժամանակի դատին թողնել, կամ դադարել մեր ներկա քաղաքական եւ տնտեսական դժվարագույն վիճակի ուսերին բարդել այս խնդրի լուծման անհրաժեշտությունը, եւ այլն, եւ այլն...
Իհարկե ոչ: Սխալված կլինեն այդպես ենթադրողները, որովհետեւ հիշողությունը եւ արդարության հաստատման պահանջը չեն կարող եւ չպետք է կասեցվեն կամ հետաձգվեն, նույնիսկ մեծ մարտահրավերների դեպքում...Պարզապես հասկանալի չէ արդարության պահանջի ա՛յս ուղին եւ տեսակը: Մե՛ր տեսակը...
Ի՞նչ ուղի ենք որդեգրել... Ի՞նչ ենք անում... Ինչպե՞ս ենք ներկայանում աշխարհին եւ ո՞ւմ ենք մեղադրում...
Հայաստանում ապրում ենք օրըստօրե աճող հիասթափություններով, բարեկեցության նվազագույն պայմանների բացակայությամբՙ օրվա հացի խնդրով, իսկական արժեքների խեղաթյուրմամբ, արհեստական «արժեքների» անխնա տարածմամբ, հայոց լեզվի պահպանման ու զարգացման անհեռանկարությամբ, ազգային գիտակցության աղճատմամբ, հայ մարդու ազնիվ տեսակի նվաստացմամբ, փողոցային կեցվածքի ու գազանաբարո երեւույթների բազմացումով, բարոյական արժեքների անկմամբ, կրթության ոլորտում անկիրթ սերունդներ պատրաստելու հատուկ մշակված քաղաքականությամբ, մշակութային պետական ռազմավարության իսպառ բացակայությամբ: Մի խոսքով, սարսափով եւ արժանավայել ապագայի անհնարինության գիտակցությամբ ու ինչն ամենացավալին էՙ թերահավատությամբ կամ ընդհանրապես հավատքի չգոյությամբ:
Հիմա գանք Սփյուռքին... Սփյուռքը հայապահպանման ծանր ու կարեւորագույն խնդիրն իր ուսերին վերցրած, շարունակում է մեծ դժվարությամբ պայքարել իր եկեղեցիների, դպրոցների ու միությունների գոյատեւման համար: Ցավոք, այդ կառույցների միա՛յն արտաքին տեսքն է հիմնականում պահպանվումՙ երեւացող շքեղ ու ճոխ պատերի ներսում թաքցնելով հայապահպանման մեծ մասամբ աղքատիկ, անորակ ու ժամանակավրեպ միջոցներՙ հաշվի չառնելով, որ այդօրինակ պայքարը նման է մահվան դատապարտված անհատի մազերը հարդարելուն կամ նախասիրած կոստյումը հագցնելուն...
Սփյուռքում դեռ ծիծաղելիորեն շարունակվում են «մեր եկեղեցին», «ձեր եկեղեցին», «իմ ձեռնարկը», «քո դպրոցը», «նրանց ակումբը», «մեր միությունը», եւ այսօրինակ հազար ու մեկ ողբալի երեւույթներ, որոնց միջավայրում սերունդներ են ձեւավորվումՙ սերունդներ, որոնք նույնպես կաշվե աչքակալներն անցկացրած իրենց գլխին, քայլում են միայն նախանշված ուղիով, շրջահայացության բոլոր հնարավորությունները կորցրած...
Սա ցավ չէ՜... Սա ողբերգությո՜ւն է... Աններելի ու դատապարտելի մի հանցագործություն, որի գարշելի հետեւանքները «վայելում» ենք տասնամյակներով ու դեռ չգիտեմ ինչու, Հայաստանի անկախությունից հետո անգամ, շարունակում ենք այդ պատրանքներով լցնել Սփյուռքի առօրյան...
Ի՜նչ է... ավելի կարեւոր բան չունե՞նք անելու... ե՞րբ պիտի ինքներս մեզ նայենք հայելու մեջ... էս ինչի՞ ենք վերածվել...մեծամասամբ բոբիկ են մեր մտքերը եւ չգիտես ինչու, մեր սեփական մերկությունը ծածկելու փոխարեն, սուտ բռունցքներ ենք թափահարում օդում, իբրեւ պայքարի յուրօրինակ նշան ու ազգային մտածողության միակ ու «հզորագույն» դրսեւորում:
Իհարկե Սփյուռքում եւս, ինչպես եւ Հայաստանում, փառք Տիրոջ, կան սակավաթիվ, սակայն տաղանդավոր ու գիտակից անհատներ, որոնք ինչպես մեր պատմության բոլոր հանգրվաններում, այնպես էլ հիմա, փորձում են ահազանգել այս երեւույթների աղետալիությունն ու արձագանքներ չգտնելով, շարունակում են իրենց անհատի ճանապարհը միայնակ հարթել, «անհատըՙ ազգի համար» սկզբունքով, որը ցավոք, մեզանում համապատասխան գնահատականի երբե՛ք չի արժանանում:
Հայի ազգային միասնական գիտակցություն չունենալու փաստը մեր ողբերգությունների հիմքում է եղել ու շարունակվում է: Հիվանդագին չափերի են հասնում մեզնից յուրաքանչյուրի մտատանջություններն ու ամեն առիթ բաց չթողնող ազգային խնդիրներին վերաբերվող ամենօրյա զրույցները, սակայն կարո՞ղ ենք բերել գեթ մի օրինակ, որտեղ հայ ժողովրդի բոլոր հատվածները համախմբված են եղել իսկապեսՙ օժտված մեկ խնդիր լուծելու բարձր գիտակցությամբ, լծված մեծ ու լուրջ գործ անելու ցանկությամբ...
Եթե անգամ եղել են, ապա վստահ, այդպիսի նիստերը վերածվել են տարբեր «ես»-երի շուրջը պտտվող խոսակցությունների, որոնք ինչպես միշտ, ոչ մի հետեւողական արդյունք չեն տվելՙ վերածվելով «բազում աղմուկ վասն ոչնչի...»:
Քանի՜ տասնամյակ է անցել Ցեղասպանությունից... շուտով արդեն մեկ դար... հարյուր տարի... եւ մենք, հարյուր տարի շարունակ, ամեն օր մտածել ենք այս մասինՙ սգալով մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակը, հարցեր ուղղելով Աստծուն, բողոքելով մեր սեւ ճակատագրից, մեր գաղթական լինելու ու աշխարհով մեկ սփռվելու հանգամանքը դարձնելով մեր ողբերգությունների գագաթնակետՙ համարելով, որ եթե Ցեղասպանությունը չլիներ, ապա այսօր, յուրաքանչյուր հայ կապրեր իր հայրենի հողի վրա, խաղաղ ու երջանիկ, անցավ ու բախտավոր...
Չգիտեմ... Կարող էր եւ այդպես լինել... Բայց եկեք մեր հայացքն ուղղենք մեր ա՛յս օրերի հիմնահարցերին ու փորձենք մեր ներկայի ճակատային խնդիրը մատնանշել... Նույն խնդիրն է, չէ՞... Նույն գաղթական հայըՙ այս անգամ արդե՛ն առանց բռնության, առանց թշնամու եւ որ ամենացավալին է, առանց վերստին երկիր վերադառնալու դույզն երազանքի ու ձգտման...
Այո... սա է իրականությունը: Ցավենք, թե չցավենք, սա է մեր իրականությունը, որի մեղավորը էլի մենք չենք... ինչպես որ չենք եղել երբեւէ...
Հայաստանում այսօր քաոս է... Դարն իր նորարարություններով, բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ, կապի ու հաղորդակցության միջոցների առատությամբ, համահարթեցման ախտով, քաղաքական ու տնտեսական շահերի բախումներով, երկրների ու նրանց ղեկավարների բռնատիրական-դեմոկրատիկ մղումներով ու այդ բոլորին գումարած մեր ներքին քաղաքականության մերկությամբ, մեր շահած ու պահած, հաղթա՛ծ պատերազմի անվերջանալի խնդրով, փոխզիջումների մտավախություններով, տնտեսական վիճակի հեղհեղուկ «բարելավումներով», խարխլված աղետի գոտով, չբնակեցված հյուսիսային պողոտաներով, անմիտ մտավորականներով ու անարվեստ «շոու»-ներով, ապազգային, ապամշակութային, անարվեստ ու անբովանդակ հեռուստատեսային ծամածռություններով, ազատ խոսքին փոխարինած սանձարձակ բամբասանքներով, ու վերջապես մեր ժողովրդի այսպես կոչված առաջնորդներով ու ղեկավարներով...
... Մի խոսքով, 21-րդ դարի բոլոր ախտերով վարակված, հիմա ապրում ենք մի այնպիսի քաոսում, որտեղ քաղաքացին կա՛մ միտումնավոր եւ հետեւողականորեն արժեզրկվում է, կա՛մ ստրկացած քծնում ու շողոքորթում է այս կամ այն պաշտոնյային, կա՛մ բթացած աջ ու ձախ է նետվում ընդդիմության ու պաշտոնավար այրերի հռետորական ճառերի արանքում անօգնական մնալով, կամ, լավագույն դեպքում, ինքն իրեն ստիպում է հավատալ այս երկրի ապագայինՙ ինքնախաբեությունը «վահանի» վերածելով եւ ակամա հավատալով հորինած ստին, կամ էլ որքան հայ, նույնքան էլ մարդ լինելու մտայնությամբ, նախընտրում է հեռանալՙ արժանավայել ապրելու մի ամբողջ հույսերի պարկ տանելով օտար երկրներ:
Դժվար է հայ լինելը... Անընդհատ քայլել ու չհասնելը, անընդհատ երազել ու չտեսնելը, անընդհատ հուսալ ու հուսախափվելը...
Դժվար է լա՜վ հայ լինելը... Առավել դժվար է մտածո՛ղ լավ հայ լինելը...
Դժվար է, մասնավորապես բարդ ճանապարհն անկազմակերպ ու անհեռանկար անցնելը... իսկ կազմակերպողներն այսօր նրանք են, ցավոք, ովքեր սեփական ուղեղների ամբողջ ծալքային կամ անծալ համակարգով մինչեւ գանգի գագաթը թաղված են իրենց սեփական ու ո՛չ սեփական մոլուցքների ճահճում, որտեղից դուրս գալու համար, գոնե վերեւ նայել է պետք, գոնե երկինք ունենալ է պետք, եւ գոնե ճահճից դուրս նետվելու ցանկություն ու թափ... Այո՛... Ցանկություն ու թափ:
Չէ՜... Մեղավորը մենք չենք... մեղավորին էս անգամ էլ, ինչպես միշտ, հաստատ կճարենք եւ առնվազն հարյուր տարի եւս կարդարացնենք մեր խեղճությունը:
Հ.Գ. Իսկ եթե հանկարծ, իսկապես գա այն օրը, երբ ճկուն դիվանագիտական միտք ունեցող Թուրքիան իր ոճիրն ընդունելով մեզ ոսկե ափսեի վրա մատուցի մեր պատմական հողերը, այնժամ մենք կհայտնվենք շատ ավելի մեծ մի պատմաքաղաքական կրկեսային բեմում, որտեղ արդեն հանդիսատես-աշխարհի աչքերի առաջ հարկ կլինի խաղալ «խոստացված հերոսի» դերը...
Կկարողանա՞նք արդյոք այդ դերը խաղալ, երբ դեռ նույնիսկ չենք ծանոթացել «հերոսի» բուն ասելիքին այդ հսկա բեմում... չենք կարդացել... չենք սովորել ու ոչինչ չենք նախատեսել հանդիսատեսի ծափերին արժանանալու համար... իսկ եթե մտածում ենք ինչպես միշտ չմտածված, անկազմակերպ ու հանպատրաստից հորինված խաղով հանդես գալ, ապա չարաչար սխալվում ենք, քանզի այդպիսով, մեր ազգային արժանապատվության ու լինելիության ոտքերի տակ կախվողի աթոռակը դրած կլինենք, որից հետո, հրաշքներն անգամ մեզ այլեւս մոտիկ չեն գա... Հավատացե՛ք, մոտիկ չե՜ն գա...
Մայիսը հաղթանակների ամիս է հայերիս համար... իսկ ո՞րն է լինելու խե՛լք հավաքելու ամիսը, ո՞րն է լինելու կազմակերպվելո՛ւ ամիսը, ո՞րն է լինելու միասնականությա՛ն ամիսը, մշակույթի՛ ամիսը, գիտությա՛ն ամիսը, արժանապատվությա՛ն ամիսը, գիտակցությա՛ն ամիսը, հայ դիվանագետի՛ ամիսը, պետական մտածողությա՛ն ամիսը, չլափելո՛ւ ամիսը, հավատալո՛ւ ամիսը, աշխատանքի՛ ամիսը... երկար է շարքը եւ ինչպես տեսնում ենք, տարին ու իր ամիսները մեզ այլեւս չե՜ն հերիքի...
Ժամանակն արդեն վաղո՜ւց անցել է, ու մենք նորից հետ ենք մնացել... նորից չենք արթնացել ճիշտ ժամին ու նորից ուշանում ենք...
Պատմության զարթուցիչն արդեն քանի՜ դար հնչում էՙ փորձելով բացել մեր երկարատեւ թմբիրից ծանրացած կոպերը...
Զարթուցիչը հնչո՜ւմ է...
Ի դեպ, Ադրբեջանի մշակույթի նախարարը իրենց երկրի ազգային անվտանգության խորհրդի լիիրավ անդամ է արդեն քանի տարի...
...Գուցե թշնամո՞ւ քայլերից դասեր քաղենք...
ՆՈՒՇԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Comments