ՎԵՐՆԱԳԻՐԸ՝ ՎԵՐՋՈՒՄ...
Այդ տարածքում ոչինչ իր տեղում չէր: Սեղանը կախված էր առաստաղից,
մեկ կիլոգրամ պանիրը սառնարանի դռան մեջ ձվերի համար հատկացված հատվածում էր ինքն իրեն
փշրել ու տեղավորել, աթոռներից երկուսը՝ նստած էին սենյակում ապրող երկու ընկերների
վրա, որոնք մահճակալի տակ էին պառկել և որոնց հայացքը դեպի ներս էր նայում դրսի աշխարհը
չտեսնելու ցանկությամբ:
Մի շիշ գարեջուրը դրված էր լուսամփոփի վրա և գարեջրի փրփուր
էր հոսում ջրի ծորակից, որից անհագ խմում էր տան միակ շունը, ով պոչը շարժելու փոխարեն
վիզն էր առաջ ու ետ տանում բերում...
Ներս մտավ նրանց միակ հարևանը, ով հաղթանդամ էր ու մռայլ և փրփուրներ
կուլ տվող շան հետ պառկեց ծաղկամանի մեջ, որի ծաղիկների բուրմունքը մնացել էր ընկերներից
մեկի ափին , իսկ ծաղիկները այս խառնաշփոթ տարածքում կախել էին իրենք իրենց պատուհանի
փեղկից, որը ոչ բաց էր, ոչ փակ:
Ընկերներից մեկը նկարիչ էր, մյուսը նկարիչ չէր, սակայն երկուսն
էլ նկարում էին սեփական ճակատագիրը մի փոքրիկ թղթի կտորի վրա, որտեղ ինչքան նկարում
էին, այնքան ամեն բան սկսում էր ջնջվել:
Ոչինչ իր տեղում չէր, կամ ամեն ինչ իր տեղում էր, ու խառնաշփոթն
այս նման էր տիեզերական մի քարտեզի, որտեղ ինչ- որ տեղ ինչ- որ գանձ կար թաքնված, որը պետք էր գտնել:
Շան վզից մի մազ պոկեց ընկերներից մեկը ու սպիտակ, բարակ մազաթելը
տարավ, դրեց փռի մեջ, եփեց ու երբ փռից հաչոց լսվեց, տաք տաք մազը հանեց փռից և որպես
սպի՝ տեղավորեց այտի վրա:
Մյուս ընկերը մերթ առաստաղին էր նայում, մերթ փրփուր խմող շանը
ու ժպտում էր, իսկ ժպիտի փոխարեն դեմքի վրա
գծագրվում էր մի ճանապարհ, որի վրա քայլում էին փոշու հազարավոր հատիկներ, որոնցից
յուրաքանչյուրի վրա արևի լուսավոր փռշտոցից մի կաթիլ կար:
Նրանք չգիտեին՝ երջանի՞կ են այս տարածքում, թե՞ դեռ չեն տեսել
երջանկությունը... ու վստահ լինելու համար սկսեցին քնել, քնել այնքան՝ մինչև մահացածի
նման ինչ որ լույս տեսնեն ու հասկանան վերջն ուր է տանում...Ինչքան քնեցին՝ չմեռան,
ինչքան քնեցին՝ չմեռան, մինչև նրանցից՝ նկարիչը վերցրեց իր ահռելի վրձինը ու սեփական
կոպերի վրա նկարեց արշալույս, որին հավատաց:
Մյուսը, ով նկարիչ չէր, շարունակեց քնել մեռնելու ծրագրով, սակայն
այնքան չմեռավ, մինչև անվարժ ձեռքով ինքն էլ վերցրեց վրձինը ու կոպերի վրա նկարեց ընկերոջ
կոպերը, որոնք արշալույսի պատկերով էին թարթվում...
Առավոտն ու գիշերն այս տարածքում ընդամենը երկրաչափական մարմինների
տեսքով մի պատից մյուսն էին խփում իրենց գնդաձև գլուխները և երբ փլվում էին պատերը,
տարածքը մեծանալու փոխարեն փոքրանում էր, սեղմելով իր մեջ այդ մեծ տարածքում բնակվող՝
երջանկությունից բան չհասկացողների երազը՝ որն իրական էր և իրականությունը՝ որն այնքան
նման էր երազի:
Տարածքն ուներ անուն. տարածքի բնակիչները նույնպես...Սակայն
անունն էլի՛ իր տեղում չէր և բնակիչներն այլևս այդ անվան ետևից չէին էլ վազում նրան
բռնելու համար...Գիտեին՝ անունը կգա ու կապրի իր իսկական տեղում այն ժամանակ երբ ծնվի
տերը անվան՝ ով նույնպես իր տեղում չէր ու ծնվելու փոխարեն շարունակում էր փչել իր
նախկին տարեդարձների մոմերը:
Տարածքում
ոչինչ իր տեղում չէր, ու տարածքի բնակիչները նկարում են այն տեղը, որի տեղը կլինի
հենց այստեղ:
Հազարամյկաներ անց, Տարածքում հիմա ապրում են փոքրիկներ, որոնք
ոչ թե դասավորում են սենյակը ըստ մնացած բոլոր - բոլոր սենյակների, այլ սովորում են սիրել խառնաշփոթը, որից չծնված երջանկության նորածնի հոտ է գալիս:
ՀԱՅԱՍՏԱՆ
Comments